Երևանում և մարզերում անվճար ուսուցողական-մարզումային հրաձգարաններ կկառուցվեն

Երևանում և մարզերում անվճար  ուսուցողական-մարզումային   հրաձգարաններ կկառուցվեն

PanARMENIAN.Net - Երևանում և մարզերում նախատեսվում է անվճար հիմունքներով ուսուցողական-մարզումային հրաձգարաններ բացել: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը քննարկել է հրաձգություն մարզաձևի զարգացման ռազմավարության հայեցակարգը և միջոցառումների 2018-2024 թվականների ծրագրերը:

Համաձայն ՀՀ կառավարության հավանությանն արժանացած հրաձգություն մարզաձևի զարգացման հայեցակարգի՝ նախատեսվում է Երևանում և ՀՀ մարզերում կառուցել անվճար հիմունքներով գործող ուսուցողական-մարզումային հրաձգարաններ, ինչպես նաև վճարովի հիմունքներով գործող ժամանցային հրաձգարաններ, որտեղ ոչ միայն հնարավոր կլինի ծանոթանալ զենքին, սովորել նշանառություն ու կրակել, այլ նաև պարբերաբար կանցկացնեն վարժանքներ:

Որպես մարզաձևի զարգացման կարևորագույն նախապայման նախատեսվում է ուսումնական հաստատություններում զինվորական պատրաստության դասաժամերին ուսուցանել կրակելու հմտություններ՝ տղաներին և աղջիկներին, վերանորոգել հրաձգարանները և այլ ծրագրային միջոցառումներ:

Նշվել է, որ նոր հրաձգարանների կառուցումը ոչ միայն նպաստելու է այս մարզձևի մասսայականացմանը, այլև հանգեցնելու է հրաձգություն մարզաձևում մարզական արդյունքների աճին, միջազգային մրցասպարեզներում մեդալների ձեռքբերմանը, Հայաստանի Հանրապետության մարզական հեղինակության ամրապնդմանը։

2016-ի դեկտեմբերին կառավարությունը հավանություն է տվել հրաձգություն մարզաձևի զարգացման հայեցակարգին: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը վեցամսյա ժամկետում կմշակի և կառավարություն կներկայացնի հայեցակարգից բխող ՀՀ հրաձգություն մարզաձևի զարգացման ռազմավարությունը և միջոցառումների իրականացման 2018-2024 թթ. ծրագիրը:

Ըստ հիմնավորման՝ հրաձգություն մարզաձևը զարգացնելու և ՀՀ բնակչությանը զենքով ինքնապաշտպանություն սովորեցնելու համար, մասնավորապես, անհրաժեշտ է հանրապետության բոլոր քաղաքներում 2018-2024թթ. կառուցել բացօթյա հրաձգարաններ: Անհրաժեշտ է նաև առաջիկայում վերանորոգել եղած հրաձգարանները և դրանք ապահովել զենքով ու զինամթերքով: Հրաձգարանների կառուցումը հաջորդող տարիներին պետք է կրի շարունակական բնույթ: Մարզաձևի զարգացման կարևորագույն նախապայմաններից է հանրակրթական դպրոցներում, նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում կրակելու հմտությունների ուսուցանումը նախնական զինվորական պատրաստության դասաժամերին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---