ՀՀ-ում էթնոմշակութաբանական կենտրոն կստեղծվի

ՀՀ-ում էթնոմշակութաբանական կենտրոն կստեղծվի

PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արամ Բադալյանը և միջազգային ներդրումային IPECS ընկերության ներկայացուցիչ Բորիս Բոգուսլավսկին հուշագիր են ստորագրել Երևան-Գյումրի մայրուղուն հարակից մոտ 80 հա տարածքում բազմաֆունկցիոնալ էթնոմշակութաբանական կենտրոնի ստեղծման վերաբերյալ:

Կողմերը նշել են, որ նման բազմաֆունկցիոնալ կենտրոնի ստեղծումը նպաստավոր պայմաններ կստեղծի ոչ միայն տարածաշրջանի երկրների էթնոմշակութային ժառանգության ներկայացման համար, այլև լուրջ գործոն կարող է հանդիսանալ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում՝ խթանելով զբաղվածության խնդիրների լուծմանը, զբոսաշրջության զարգացմանը, բիզնես հեռանկարների ընդլայնմանը և այլն:

Կողմերը հուշագիր են ստորագրել՝ հաստատելով ներդրումային ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը, որն իր մեջ ներառում է տարբեր փուլեր՝ ծրագրի հայեցակարգի ներկայացումից մինչև բազմաֆունկցիոնալ համալիրի շահագործումը:

Փաստաթղթի ստորագրմանը նախորդել է IPECS ընկերության տնօրինության և նրա հայաստանյան գործընկեր Աշոտ Միրզոյանի հանդիպումը՝ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հետ:

Հուշագրի ստորագրումը` ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե-IPECS ընկերություն շուրջ կես տարվա համատեղ աշխատանքների արդյունք է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---