10 սեպտեմբերի 2007 - 14:32 AMT
ԵԽԽՎ պատմության մեջ առաջին անգամ կազմակերպության նախագահ կարող է դառնալ Ռուսաստանի ներկայացուցիչը
Դաշնության Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Միխաիլ Մարգելովը մտադիր է առաջադրվել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում 2008 թվականի սկզբին կայանալիք հունվարյան նստաշրջանում: Ընթացիկ տարվա հունվարին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը չի բացառել, որ հաջորդ տարի ԵԽԽՎ նախագահի պաշտոնը կարող է ստանձնել Միխաիլ Մարգելովը: Մարգելովը հաստատել է Դեւիսի խոսքերը եւ նշել է, որ «հաջորդ տարի ԵԽԽՎ պատմության մեջ առաջին անգամ կազմակերպության նախագահ կարող է դառնալ Ռուսաստանի ներկայացուցիչը»:

«ԵԽԽՎ-ում կարգ է սահմանված, ըստ որի նախագահն ընտրվում է հաջորդաբար պատգամավորական խմբերից: Հաջորդ տարի Վեհաժողովի խոշորագույն «Եվրոպական ժողովրդավարաներ» խմբի հերթն է, իսկ ես պատիվ ունեմ այն գլխավորել»,-ասել է նա:

«ԵԽԽՎ աշխատանքի նպատակը նաեւ կայանում է նրանում, որ շարունակենք ակտիվորեն առաջ տանել եւ քարոզել եվրոպական արժեքները, որոնք բոլորովին չեն նվազեցնում Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններից եւ ոչ մեկի ինքնատիպությունը: Եվրոպայի, ինչպես նաեւ ողջ աշխարհի համար չափազանց կարեւոր է միջկրոնական եւ միջմշակութային երկխոսությունը»,-նշել է Մարգելովը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: