8 փետրվարի 2017 - 11:45 AMT
«Երևանի ոսկերչական գործարանի» տնօրենն ազատվել է աշխատանքից

«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի 80% պետական սեփականություն հադիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Էկոնոմիկայի նախարարությունից 2015թ. փոխանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

Պետգույքի կառավարման վարչությունից հայտնում են, որ իրենց իրականացրած ֆինանսատնտեսական մոնիտորինգի տվյալներով՝ ընկերության վերջին տարիների արդյունքը բացասական է, ինչից ելնելով, Երևանի ոսկերչական գործարանի գլխավոր տնօրեն Գագիկ Կաֆյանը դիմում է ներկայացրել՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ:

Հունվարի 30-ին վարչապետ Կարեն Կարապետյանը վարչության պետ Արման Սահակյանին հանձնարարել էր. «Մենք մեր գործընկերների հետ մարզերում, համայնքներում, բիզնեսում կառավարչական մակարդակի սարսափելի մեծ պրոբլեմներ ունենք: Դա անընդունելի է: Իսկ էն «յառի» պետական կառավարիչները, որոնք տարեցտարի մեզ ֆռռացնում են, Արման, էս ամսվա մեջ սաղի ողնաշարը կջարդես»:

Ավելի վաղ վարչությունից հայտնել էին, որ իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման 32 մարմնի 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ և վերլուծություն՝ կիսամյակային և տարեկան կտրվածքով: