ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար. Բաքուն խախտում է զբոսաշրջային էթիկայի համաշխարհային օրենսգրքի դրույթները

ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար. Բաքուն խախտում է զբոսաշրջային էթիկայի համաշխարհային օրենսգրքի դրույթները

PanARMENIAN.Net - Ադրբեջանը, հանդիսանալով ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի նախագահ երկիր, բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորում և կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի ԶՀԿ-ի կանոնադրության, ինչպես նաև Զբոսաշրջային էթիկայի համաշխարհային օրենսգրքի դրույթները, որոնց հանդեպ երկիրն ունի պարտավորություններ:

Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը՝ մեկնաբանելով հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետապնդումը:

«Ադրբեջանի պահանջով հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Բելառուսի կողմից և Ադրբեջանում քրեական հետապնդումը հերթական ցույց է տալիս վերջինիս՝ որպես մարդու հիմնարար ազատությունները ոնտահարող երկրի ամբողջ էությունը:

Այնուամենայնիվ, մեր խորին համոզմամբ, հարևան երկրի գործողությունները չեն խոչընդոտելու Արցախում կայուն զբոսաշրջության զարգացմանն ուղղված ջանքերին», - ասաց Շայվերդյանը:

Փետրվարի 7-ին ՌԴ, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինն արտահանձնվել է Ադրբեջան: Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ էր թողել Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Գերագույն դատարանը Լապշինի բողոքարկման դիմումը քննել էր փակ ռեժիմով, նրա բացակայությամբ:

Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան այցելած Լապշինը ձերբակալվել էր Մինսկում 2016-ին՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---