9 փետրվարի 2017 - 14:04 AMT
Սպիտակ տուն. ԱՄՆ-ն չի չեղարկի Ղրիմի պատճառով ՌԴ դեմ գործող պատժամիջոցները

ԱՄՆ-ն մտադիր չէ չեղարկել Ղրիմի պատճառով ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցները: Այդ մասին փետրվարի 8-ին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը:

«Մենք գործ ունենք 2 փաթեթի հետ: Մեկը` Ղրիմի մասով է: Կարծում եմ, որ ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Հեյլին շատ հստակ է արտահայտվել ՄԱԿ-ում, որ քանի դեռ Ռուսաստանը չի հեռացել Ղրիմից, այդ պատժամիջոցների չեղարկման հարցը չի քննարկվի»,-ասել է Սփայսերը, գրում է Deutsche Welle-ն:

Նա հրաժարվել է մեկնաբանել մի շաքր սենատորների նախաձեռնությունը, որն ուղղված է թույլ չտալու, որ ԱՄՆ նախագահ Թրամփը կարողանա միանձնյա չեղարկել ՌԴ դեմ պատժամիջոցները:

6 սենատոր օրինագիծ է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես, որը կարգելափակի նախագահ Թամփի կողմից պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունը: Ըստ փաստաթղթի, Սպիտակ տունը պետք է պատժամիջոցների չեղարկման հիմնավոր զեկույց ներկայացնի, որից հետո Կոնգրեսը 130 օրում կկարողանա արգելափակել նախագահի նախաձեռնությունը:

ՄԱԿ-ում ԱՄՆ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին փետրվարի սկզբին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցներն ուժի մեջ կմնան քանի դեռ Ղրիմը չի վերադարձվել Ուկրաինային: Հեյլին նաև մեղադրել է ՌԴ-ին Ուկրաինայի արևելքում «ագրեսիվ գործողությունների» մեջ, որտեղ վերջին օրերին սաստկացել են շփման գծին հարակից բնակավայրերի գնդակոծությունները:

Անդրադառնալով Հեյլիի ելույթին` ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները քվեարկել են ՌԴ կազմի մեջ մտնելու օգտին: