Մարտի 3-ին Հայաստանում կնշեն Գործարարի օրը

Մարտի 3-ին Հայաստանում կնշեն Գործարարի օրը

PanARMENIAN.Net - Տնտեսության զարգացման գործում գործարարի դերն ընդգծելու նպատակով կառավարությունն որոշել է Հայաստանի Հանրապետությունում մարտի 3-ը նշել որպես «Գործարարի օր»:

Հիմնավորման համաձայն՝ 2017թ. մարտի 3-ին լրանում է հայ մեծ գործարար, բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 175-ամյակը:

Մեկ այլ որոշմամբ էլ արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների, ինչպես նաև որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության 2016թ. մրցանակներ կշնորհվեն «Բարի Սամարացի», «Ջերմուկ գրուպ», «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր», «Թիվ 8 պոլիկլինիկա», «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ», «Հալդի Քոնսալթ» ընկերություններին:

ՀՀ վարչապետը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հորդորել է այդ հարցում լինել ուշադիր. «Այն ընկերությունների բացահայտ գովազդ է և պետք է մաքսիմալ ուշադիր լինենք, որ այստեղ ադմինիստրատիվ ռեսուրսը չաշխատի ի օգուտ այս կամ այն կազմակերպության՝ սուբյեկտիվ տարբերակով»:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո հայտարարել էր, որ մեր տնտեսության վիճակը շատ ծանր է,անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: «Նախկին կառավարության ծրագիրն օգտագործելու ենք, կստեղծենք մաքսիմալ բարենպաստ պայմաններ հավելյալ արժեք ստեղծողի համար. դա կարող է շատ ընդհանուր թվալ, բայց բոլոր ռեյտինգներով երջանիկ, լավ ապրող երկրները նրանք են, որտեղ գործարար, ստեղծագործող, հավելյալ արժեք ստեղծող մարդը երջանիկ է», - ասել էր Կարապետյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---