ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հացադուլ սկսած «հաց բերողին»

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հացադուլ սկսած «հաց բերողին»

PanARMENIAN.Net - Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկ-մասնագետը Պաշտպանի հանձնարարությամբ փետրվարի 10-ին չհայտարարված այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել այնտեղ պահվող՝ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին:

Փետրվարի 9-ին դատարանը որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան: ՊՊԾ գնդի գրավման օրերին զինված խմբին սնունդ մատակարարած Սարգսյանը ձերբակալվել էր 2016-ի օգոստոսի սկզբին և ազատ արձակվել տարեվերջին:

Ուսումնասիրվել են նրա պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակը: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նաև առանձնազրույց են ունեցել կալանավորված Սարգսյանի հետ:

Առանձնազրույցների ընթացքում Սարգսյանը հայտնել է, որ հացադուլ է հայտարարել իր նկատմամբ դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց անհիմն ընտրելու կապակցությամբ:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի հարցը շարունակվում է գտնվել Պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո, տեղեկացվնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մեղադրանքը վերաորակավորվել է: Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ:

Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։ Սարգսյանը հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարանք և միացել «Սասնա ծռերին»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---