Մադրիդում ցուցադրվել է իսպանացի ռեժիսորի «Արարատի ստվերը» փաստագրական ֆիլմը

Մադրիդում ցուցադրվել է իսպանացի ռեժիսորի «Արարատի ստվերը» փաստագրական ֆիլմը

PanARMENIAN.Net - Իսպանացի ռեժիսոր և լրագրող Միգել Անխել Նիետոյի «Արարատի ստվերը» փաստագրական ֆիլմը հասցրել է գրավել իսպանացի հանդիսատեսի համակրանքը:

Հայաստանում ապրում է հայերի միայն 30 տոկոսը, մնացած 70 տոկոսն ապրում է պատմական հայրենիքի սահմաններից դուրս: Աշխարհով մեկ սփռված հայերի շրջանում շատ են հայտնի մարդիկ, որոնց ծագման մասին քչերը գիտեն, գրում է մադրիդյան Madridpress առցանց պարբերականը:

Փաստագրական ֆիլմի հերոսներն են հայկական ծագումով մշակույթի, հասարակական և քաղաքական գործիչները տարբեր երկրներից, այդ թվում Շառլ Ազնավուրը, երգչուհի Ռոզի Արմենը, ջութակահար Արա Մալիկյանը, երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը, օդաչու Ռուբեն Եսայանը: Ներկայացված են նաև աստղաֆիզիկոս Գարիի Իսրայելյանը, ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը, գործարարներ Դավիթ Յանը և Ռուբեն Վարդանյանը, բևեռախույզ Արթուր Չիլինգարովը, պատմաբան Հայկ Դեմոյանը, պրոֆեսոր Կլոդ Մութաֆյանը, հայտնի խոհարար Արմեն Պետրոսյանը, Լիբանանի նախկին նախագահ Էմիլ Լահուդը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն և այլն, հայտնում է «Sputnik-Արմենիան»:

Ֆիլմը Հայոց ցեղասպանության կամ ղարաբաղյան հակամարտության մասին չէ, սակայն այն պատմում է հայ ժողովրդի պատմության մեջ տեղ գտած ողբերգական իրադարձությունների հետևանքների մասին: Ֆիլմը նաև Հայաստանի գեղեցիկ բնապատկերների և համեղ խոհանոցի մասին է: Հայաստանի այդ ամբողջ համայնապատկերը ներկայացված է հերոսների միջոցով` աշխարհում հայտնի հայերի:

«Արարատի ստվերը» ֆիլմը պատմում է ժողովրդի պատմության մասին, փոքր քրիստոնեական կղզու, որին չկոտրեցին ոչ ժամանակը, ոչ ողբերգությունը: Հայաստանը միակ երկիրն է, որը կար քարտեզների վրա 5000 տարի առաջ, և գոյություն ունի այժմ, գրում է իսպանական պարբերականը:

«Մենք շատ երկրներ գիտենք, որոնք եղել են Հայաստանի հետ վաղեմի ժամանակներում, օրինակ Միջագետքը, սակայն այսօր, այդպիսի երկիր, ի տարբերություն Հայաստանի, չկա»,-գրում է իսպանական ռեսուրսը:

Նախագծի գաղափարն ի հայտ է եկել 2015-ի գարնանը, Մոսկվայի հյուրանոցներից մեկում, որտեղ ֆիլմի ռեժիսորը ծանոթացել է հայկական ծագումով միլիոնատեր և բարեգործի հետ, որն էլ առաջարկել է նրան ֆիլմ նկարահանել Հայաստանի մասին: Բարերարը չի ցանկացել հրապարակել իր անունն, ուստի լայն հանրությանը նա հայտնի չէ:

Նկարահանումները սկսվել են 2015-ի աշնանը և կատարվել են Հայաստանում, Իսպանիայում, Թուրքիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, Ռուսաստանում և Իսրայելում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---