13 փետրվարի 2017 - 14:26 AMT
Քաղաքապետը տանիքներից սառցալեզվակների պատշաճ հեռացում է ակնկալում

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվող ձնամաքրման աշխատանքները գլխավոր ու երկրորդական փողոցներից տեղափոխվել են մայթեր, բակեր ու միջբակային տարածքներ:

Զեկուցվել է նաև, որ ձնամաքրմանը զուգահեռ` ընթանում են բազմաբնակարան և հասարակական շենք-շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների հեռացման և տանիքների ձյան մաքրման աշխատանքները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և վարչական շրջանների կոմունալ ծառայություններին հանձնարարել է հնարավորին արագ և պատշաճ կազմակերպել շենք-շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների և ձյան շերտի հեռացման աշխատանքները:

«Ձնահեռացմանը զուգահեռ՝ մշտական ուշադրության կենտրոնում պահեք նաև շենք-շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների և ձյան շերտի հեռացումը: Համագործակցելով ԱԻՆ-ի և վարչական շրջանների համապատասխան ծառայությունների հետ՝ օպերատիվ կազմակերպեք և իրականացրեք այդ աշխատանքները:

Այս հարցում խստորեն հետևեք, որ համատիրությունները ևս կատարեն իրենց պարտավորությունները, ոչ թե պասիվ դիտորդի կարգավիճակով շարունակեն սպասել, թե երբ ինչ-որ մեկն իրենց փոխարեն կկատարի իրենց իսկ պարտականությունը: Նման վարքագիծն ուղղակի անընդունելի և աններելի է, հատկապես հաշվի առնելով, որ դա կարող է բերել անկանխատեսելի հետևանքների», - ընդգծել է Մարգարյանը:

Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, վարչական շրջանների ղեկավարներին և «Վեոլիա Ջուր» ընկերությանն էլ հանձնարարվել է աշխատանքներ տանել ջրահեռացման դիտահորերի տեխնիկական վիճակի ստուգման և դրանց անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ՝ նախապատրաստվելով ձնհալին:

Մայքարաղաքումշենք-շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների խնդիրը սուր է. վերջին շաբաթների ընթացքում դրանք հեռացվում են բնակիչների՝ ԱԻՆ դիմելուց հետո: Քաղաքի հիմնական մասում այդ խնդիրը լուծված չէ: