13 փետրվարի 2017 - 16:07 AMT
Պանամայում Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալի հետ կապված Mossack Fonseca-ի երկու հիմնադիր են ձերբակալվել

Պանամայի իրավապահ մարմինները ձերբակալել են օֆշորային ընկերությունների գրանցմամբ զբաղվող Mossack Fonseca իրավաբանական ընկերության երկու հիմնադրին:

Պանամայի դատախազությանը փոխանցում է, որ ընկերության հիմնադիրներ Ռամոն Ֆոնսեկան և Յուրգեն Մոսակը կասկածվում են կոռուպցիայի և փողերի լվացմանն առնչություն ունենալու մեջ:

Mossack Fonseca-ի անունը հայտնի դարձավ մոտ մեկ տարի առաջ, երբ ընկերությունից միլիոնավոր փաստաթղթերի արտահոսքը հիմք հանդիսացավ «Պանամական փաստաթղթեր» անունը ստացած միջազգային հետաքննության համար: Պարզվեց, որ Mossack Fonseca-ի հետ կապված են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ 12 երկրի ղեկավարներ, նրանց թվում արծարծվում էին Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների անունները: Հայաստանից օֆշորային սկանդալի կիզակետում հայտնվեց Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության այժմ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը:

2017-ի հունվարի 24-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված քրեական գործով վարույթը կարճել է՝ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 55-րդ հոդվածով, 124-127-րդ և 261-263-րդ հոդվածներով՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։

«Քննությամբ ձեռք բերված տվյալները փաստում են, որ Mossack Fonseca-ն կասկածելի ծագման փողերի և ակտիվների քողարկմամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն է», - հայտարարել է Պանամայի գլխավոր դատախազ Քենիա Պորսելը, Reuters լրատվական գործակալությանը հղումով գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Հետք» պարբերականը մայիսին հրապարակել էր մի հետաքննություն, որում փաստերով ներկայացվել էր Միհրան Պողոսյանի` օֆշորային գոտիներում ստեղծած հարստությունը: «Հետք»-ը գաղտնազերծված օֆշորային ընկերությունների միլիոնավոր փաստաթղթերում (Պանամայի փաստաթղթեր) հայտնաբերել էր ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի և նրա բարեկամների անունները։ Ըստ այդ փաստաթղթերի, 39-ամյա պաշտոնյան բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերության:

Ապրիլի 18-ին Միհրան Պողոսյանը հայտարարել էր, թե ցավում է, որ իր անունը նույն փաստաթղթերում հայտնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին՝ հրաժարական տալով։

Օրերս էլ հայտնի է դարձել, որ ԴԱՀԿ նախկին ղեկավարը առաջիկա խորհրդարանական ընտրություններին իշխող Հանրապետականի տարածքային ցուցակով առաջադրվելու է Երևանի թիվ 1 ընտրատարածքում: