Ադրբեջանի օմբուդսմեն. Լապշինին առնվազն 1 տարվա ազատազրկում է սպառնում

Ադրբեջանի օմբուդսմեն. Լապշինին առնվազն 1 տարվա ազատազրկում է սպառնում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար Այդին Սաֆիրխանլին հայտարարել է, թե Մինսկում Ադրբեջանի հարցումով ձերբակալված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելիս պահպանվել են քրեական և քրեակատարողական օրենսդրության բոլոր պահանջները:

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում:

«Ըստ օրենսդրության, քրեական պատասխանատվության կանչելու համար կա արտերկրից անձին արտահանձնելու պահանջ: Ըստ դրա, անձի կատարած քրեական արարքների համար հարցում ներկայացրած պետության և հարցումն ընդունած երկրի օրենսդրությունների մեջ պետք է նախատեսված լինի առնվազն 1 տարվա ազատազրկում կամ ավելի խիստ պատիժ»,-ասել է Սաֆիրխանլին, հայտնում է ՌԻԱ Նովոստին Թրենդի վրա հղումով:

Նա նշել է, որ Լապշինի դեպքում նրան սպառնում է առնվազն 1 տարվա ազատազրկում:

«Լապշինի արարքների համար ըստ Ադրբեջանի ՔՕ նախատեսվում է 5-8 տարվա ազատազրկում»,-ասել է նա:

Նմանատիպ արարքների համար Բելառուսի ՔՕ համաձայն նախատեսվում է 2-5 տարվա ազատազրկում:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է:

Ընթերցեք նաև. Amnesty International-ը պահանջել է անհապաղ ազատել Լապշինին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---