Կիպրոսի նախագահ. Պատմական իրողությունների մասին հիշողությունը խոչընդոտ չէ բանակցությունների համար

Կիպրոսի նախագահ. Պատմական իրողությունների մասին հիշողությունը խոչընդոտ չէ բանակցությունների համար

PanARMENIAN.Net - Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ ամեն տարի դպրոցներում Կիպրոսի միավորման մասին 1950թ. հանրաքվեի տարեդարձը տոնելու մասին Կիպրոսի խորհրդարանի որոշումը կղզու միավորման հարցում Նիկոսիայի քաղաքականության փոփոխության վկայություն չէ, այլ հիշողություն պատմական իրադարձությունների մասին, որը չի կարող խանգարել կիպրոսյան կարգավորմանը:

Անաստասիադիսի հայտարարությունը պատասխան էր կղզու թուրքական համայնքի ղեկավար Մուստաֆա Աքինջիի արձագանքին, որը հայտարարել էր, թե Կիպրոսի խորհրդարանի որոշումը կարող է տապալել խաղաղ բանակցությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Անաստասիադիսը հաստատել է, որ Կիպրոսի հույները կշարունակեն երկխոսությունը ՄԱԿ ԱԽ և ԳՎ բանաձևերի հիման վրա:

«Եթե կիպրոսցի թուրքերն այդքան զգայուն են պատմական իրողության հասարակ հիշատակման հարցում, ապա որքա՞ն վիրավորական են հույն համայնքի համար ամենամյա տոնակատարությունները թուրքական ներխուժման տարեդարձի կապակցությամբ: Եվ որքանո՞վ են իրապես Կիպրոսի հարցը լուծելու մղումները համապատասխանում ապօրինի պետության հռչակմանը նվիրված հանդիսություններին:

Կիպրոսի նախագահը հայտարարել է, որ եթե կողմերը ցանկանում են հասնել նպատակին, պետք է հրաժարվեն անընդունելի պահանջներից ու պայմաններից:

Կիպրոսը դե ֆակտո կիսվել է երկու մասի 1974-ին` Թուրքիայի ռազմական ներխուժումից, որը թուրքերը պատճառաբանեցին հույն զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո: Որպես անկախ պետություն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից, որը, ըստ ՄԱԿ-ի բանաձևերի օկուպացնում է այն տարածքը, որը զավթվել է Կիպրոսի Հանրապետությունից` 1974 թվականի ներխուժման ժամանակ։ Աշխարհի պետությունների մեծ մասը համարում է, որ Հյուսիսային Կիպրոսը Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքն է։ Կղզու օկուպացված մասում գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են քրիստոնեական հուշարձանները՝ Թուրքիան, ինչպես միշտ, փորձում է ոչնչացնել բնիկ բնակչության գոյության հետքերը:

Տարածքային հարցը, կամ տարածքային շտկումների հարցն ամենաբարդերից մեկն է Կիպրոսի միջհամայնքային բանակցություններում: Նախորդ փուլում կողմերը չեն կարողացել լուծել տարածքային խնդիրները, թեև հայտարարում էին «բանակցություններում առաջընթացի» մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---