ՊՆ. Ազգային փոքրամասնությունների հանդեպ խտրականությունն Ադրբեջանի քաղաքականությունն է

ՊՆ. Ազգային փոքրամասնությունների հանդեպ խտրականությունն Ադրբեջանի քաղաքականությունն է

PanARMENIAN.Net - Հայաստանից ժամանակավոր ապաստան խնդրած Ադրբեջանի քաղաքացի Շահին Միրզոևի քայլը ևս մեկ վկայությունն է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումը, հատկապես՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը և անմարդկային վերաբերմունքը, շարունակում են մնալ պետական քաղաքականություն: Այս մասին փետրվարի 14-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Փետրվարի 11-ին Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը դիմել էր Հայաստանի իշխանություններին՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։

«Մենք, ստանալով նման խնդրանք Ադրբեջանի քաղաքացու կողմից, անմիջապես քննարկել ենք ու եկել այն եզրահանգման, որ որևէ հիմքեր՝ մերժելու ժամանակավոր ապաստանի խնդրանքը, չունենք», - ասել է Սարգսյանը, հաղորդում է Aysor.am-ը:

Նախարարն ընդգծել է, որ միջազգային կառույցների հետ փոխգործակցելով՝ Հայաստանն անելու է ամեն ինչ, որ ապահովի այդ մարդու՝ օրենքով սահմանված իրավունքների պաշտպանությունն ու նրա համար մշտական ապաստան գտնելը։

Թալիշներն իրանալեզու ազգ են, հիմնականում բնակվում են Ադրբեջանի ու Իրանի` Կասպից ծովին սահմանամերձ հատվածներում: Ադրբեջանում, պաշտոնական տվյալլներով, ապրում է մոտ 110 հազար թալիշ:

«Թոլիշի Սադո» թերթի խմբագիր Հիլալ Մամեդովն 2013 թվականին Ադրբեջանի դատարանի որոշմամբ 5տարվա ազատազրկման էր դատապարտվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---