15 փետրվարի 2017 - 09:44 AMT
Առևտրի սրահի փլուզման դեպքով քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ 2 մարդու մահվան պատճառ դարձած՝ առևտրի սրահի պատերի ու տանիքի փլուզման դեպքի առթիվ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, փլուզվել են Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի միջնակարգ դպրոցի հարևանությամբ գտնվող առևտրի սրահի պատերն ու տանիքը, ինչի հետևանքով նույն գյուղի բնակչուհիներ Ալմիդա Մեսրոպյանը և Անուշ Սարգսյանը մնացել են փլատակների տակ և ստացած վնասվածքներից տեղում մահացել: Եվս երեք հաճախորդ՝ նույն գյուղի բնակիչներ Տաթևիկ Սարգսյանը, Սարգիս Ալոյանը և Հրազդան քաղաքի բնակիչ Արթուր Ալոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան ԲԿ» ՓԲԸ։

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեկան գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է քննություն՝ փլուզման պատճառները պարզելու համար։

Փետրվարի 14-ին` ժամը 10:15-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն:Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: