Բագրատյանն ԱԺ ընտրություններին կմասնակցի «Ազատ դեմոկրատների» ցուցակով

Բագրատյանն ԱԺ ընտրություններին կմասնակցի «Ազատ դեմոկրատների» ցուցակով

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ:

Համատեղ հայտարարությունը Բագրատյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունները հայտարարում են, որ ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններին հանդես են գալու համատեղ ուժերով՝ ներկայացնելով ՀՀ զարգացման տեսլականը և նպատակ ունենալով երկրում իրական քաղաքական և տնտեսական փոփոխություններ բերելու։

Մենք հայտարարում ենք, որ ընտրություններին մասնակցելու ենք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լայն կոնսոլիդացիա ապահովող համապետական ցուցակով՝ ստեղծելով յուրովի դաշինք, որտեղ իրենց ուրույն տեղն ու դերն ունեն «Ազատություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների անդամները, ինչպես նաև այն բոլոր անկուսակցական անհատները, որոնք մեր գաղափարակիցն են և կիսում են մեր առաջ քաշած քաղաքական պլատֆորմը։

«Ազատություն» կուսակցության առաջարկով մեր համատեղ համապետական ցուցակը կգլխավորի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ նկատի ունենալով նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կազմակերպչական ռեսուրսները։

«Ազատություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միասնական համապետական ցուցակի վարչապետի թեկնածուն «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է, որը նաև կգլխավորի խորհդարանական խմբակցությունը։

Առաջիկայում ՀՀ քաղաքացիների դատին կհանձնվի մեր միասնական ցուցակի նախընտրական ծրագիրը, որը հանդիսանում է ցուցակը ձևավորած յուրաքանչյուր անձի սեփականությունը և որի դրույթներին հավատարիմ են ցուցակի բոլոր անդամները։ Նախընտրական ծրագրի տնտեսական բաժինը հեղինակել է «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։

Մենք միասին կարող ենք իրական փոփոխություններ բերել Հայաստանի Հանրապետությունում»։

Հայտարարությունը ստորագրել են Հրանտ Բագրատյանն ու Խաչատուր Քոքոբելյանը:

Կարդացեք նաև՝ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կգլխավոր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---