
Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 50-ից 60 նոր դեպք: Չարորակ ուռուցքներով երեխաների ախտորոշումը և բուժումը կատարվում է ՀՀ ԱՆ Վ.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, ՀՀ ԱՆ Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում և ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայում` պետական պատվերի շրջանակներում:
Հայաստանում վերջերս արդիականացված ՀՀ ԱՆ Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում արյան չարորակ հիվանդությունների ախտորոշումն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան մեթոդներով, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրական տվյալների համաձայն` աշխարհում տարեկան գրանցվում է չարորակ ուռուցքով հիվանդացության 215 000 նոր դեպք մինչև 14 տարեկան երեխաների շրջանում և 85 000` 15-ից 19 տարեկանների շրջանում: ԱՀԿ մասնագետների կարծիքով` ժամանակին ախտորոշում և բուժում ստանալու պարագայում չարորակ ուռուցքների 80%-ը բուժվում է: Հայաստանում այդ թիվը տատանվում է 65%-ից 70%-ի սահմաններում:
Բժշկագիտության վերջին տասնամյակների զարգացումների շնորհիվ մանկական ուռուցքաբանության բնագավառում արձանագրվում են դրական արդյունքներ: Հիվանդություններ, որ նախկինում համարվում էին անբուժելի, ներկայումս՝ քիմիաթերապիայի, վիրահատական և ճառագայթային բուժման մեթոդների, ինչպես նաև իմունաթերապիայի, ցողունային բջիջների փոխպատվաստման արդյունքում հնարավոր է դարձել բուժել:
Մանկական քաղցկեղի առավել հաճախ հանդիպող տեսակներն են` լեյկեմիաներն ու լիմֆոմաները, գլխուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի չարորակ նորագոյացությունները, ոսկրային հյուսվածքի ուռուցքները` օստեոսարկոման և Յուինգի սարկոման, նեյրոբլաստոման, Վիլսմի ուռուցքը, ռաբդոմիոսարկոման և այլն: