14 սեպտեմբերի 2007 - 14:24 AMT
Լեւիտին. Այս տարի ռուսական ներդրումների ծավալը Հայաստանում կկազմի շուրջ 0,5 մլրդ դոլար եւ դա դեռ վերջը չէ
Ընթացիկ տարում ռուսական ներդրումների ծավալը Հայաստանում կկազմի շուրջ 0,5 մլրդ դոլար: Այդ մասին Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո սեպտեմբերի 14-ին հայտարարեց ռուսական կողմից հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը:

Նրա խոսքերով, հարաբերությունները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կառուցված են գործընկերային հարաբերությունների վրա եւ դա, մասնավորապես, շնորհիվ իշխանությունների ներկայացուցիչների բարեկամական հարաբերությունների: Գործարար աշխարհը հավատաց Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանություններին եւ ներդրումների այս ծավալը դեռեւս վերջը չէ: «Մենք մտադիր ենք, որ մինչ հանձնաժողովի 10-րդ նիստը ներդրումների ծավալը շատ ավելի մեծ կլինի, քանի որ կան մի շարք խոշոր նախագծեր»,-հայտարարել է Լեւիտինը:

Իր հերթին, Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը նշել է, որ վերջին ժամանակներս տնտեսական համագործակցության ներդրումների ծավալի աճը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ պարբերաբար երկխոսություն է գտնում: Ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ կաճեն, եւ այսօր պայմանագիր կստորագրվի հայկական շուկա ռուսական ընկերության մուտքի մասին: «Այդ քայլերը բխում են Հայաստանի կառավարության ծրագրից, որտեղ ամրագրված է աջակցությունը ներդրումներին»,-նշել է վարչապետը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:

Նշենք, որ հանձնաժողովի նիստի ավարտին Ս.Սարգսյանն ու Իգոր Լեւիտինը հաստատել են մինչեւ 2010 թ. Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության երկարաժամկետ միջոցառումների ծրագիրն, ինչպես նաեւ հանձնաժողովի 9-րդ նիստի արձանագրությունը: Նախանշվում է հանձնաժողովի հոբելյանական, 10-րդ նիստը անցկացնել 2008 թ. սեպտեմբերին Ռուսաստանում: