14 սեպտեմբերի 2007 - 14:30 AMT
Հայաստանն անկեղծորեն զարմացած է Էլմար Մամեդյարովի հայտարարությամբ Ղարաբաղի մասին
«Մեզ իսկապես զարմացնում է Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, քանզի Ադրբեջանը վերջին շրջանում սկսել է հետ կանգնել եւ դիմադրել արդեն համաձայնեցված` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող դրույթների նկատմամբ, որոնք եղել են եւ շարունակում են մնալ սեղանի վրա դրված, համանախագահների կողմից առաջարկվող փաստաթղթում»,-ասել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, եթե ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը եւ Ադրբեջանի ԱԳ նախարարը համաձայնվել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող դրույթին, ապա մենք ողջունում ենք այդ մոտեցումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանին դրված փաստաթղթին Հայաստանի համաձայնությունը կարող է լուրջ ճեղքում դառնալ բանակցային գործընթացում»: