Թուրքիայում վրդովված են Հրանտ Դինքի մարդասպաններին գովաբանող երգով եւ տեսահոլովակով

PanARMENIAN.Net - YouTube ժողովրդականություն վայելով կայքում մի տեսահոլովակ է հայտնվել, նվիրված հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարդասպաններին: Երգի տեքստը գովաբանում է Օգյուն Սամաստին` Դինքի սպանության անմիջական կատարողին եւ կազմակերպիչ Յասին Հայալին: Թուրքիայում երգի եւ տեսահոլովակի մասին կարծիքները բաժանվել են` շատերն ասում են, թե դա ծայրահեղ ազգայնամոլական քարոզչություն է: Երգի տեքստում ուղղակի սպառնալիք կա նաեւ նրանց հասցեին, «ով սատարում է հայերին» եւ նախազգուշացում, որ «իրենց մասին հոգ կտանեն»:



YouTube-ում զետեղված են նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի, վարչապետ Ռեջեփ Էրդողանի, երաժիշտ Զուլֆու Լիվանելլիի, երգչուհի Սելդա Բաղչանի, Թուրքիայի նախկին նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերի լուսանկարները: Տեսահոլովակի հեղինակները նրանց «դավաճան» եմ անվանում: «Ծրագրեր մի կազմեք» երգի խոսքերը գրել է ծայրահեղ ազգայնամոլ բանաստեղծ Օզան Արիֆը: Այն կատարել է երգիչ Իսմաիլ Թերութը: Ինչպես գրում է «Թըրքիշ Դեյլի նյուսը», կա տեսահոլովակի գրեթե 10 տարբերակ, այն վարկածը, որը աղմուկ բարձրացրեց Թուրքիայի շուրջ, հեռացվել է կիրակի օրը:



Հրանտ Դինքի փաստաբանները մտադիր են բողոք ներկայացնել երգի եւ տեսահոլովակի առնչությամբ: Դինքի փաստաբաններից մեկը նշել է, որ տեսահոլովակը դրդում է մարդկանց այլատյացության եւ գովաբանում է մարդասպաններին: Սեպտեմբերի 20-ին Մարդու իրավունքների ասոցիացիան եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչները բողոք կներկայացնեն Թերութի եւ Արիֆի դեմ:



Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանության գործով առաջին նիստը, որը հաջորդ օրը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 1-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---