Հայաստանի ներդրումային ծրագրերը կներկայացվեն Փարիզում, Լիոնում և Մարսելում

Հայաստանի ներդրումային ծրագրերը  կներկայացվեն Փարիզում, Լիոնում և Մարսելում

PanARMENIAN.Net - Հայաստանի զարգացման հիմնադրամն ու գործընկեր Business France-ը փետրվարի 21-28-ը Ֆրանսիայում կազմակերպում է Հայաստանի տնտեսության ներդրումային միջավայրի քարոզարշավ, որի ընթացքում կներկայացվի երկրի տնտեսության և այստեղ բիզնես սկսելու առավելությունները։

Մեկշաբաթյա միջոցառմանը նախատեսված են հանդիպումներ ֆրանսիական երեք խոշոր քաղաքում՝ Փարիզում, Լիոնում և Մարսելում, իսկ փետրվարի 23-ին մայրաքաղաքում կմեկնարկի ներդրումային համաժողով՝ գործարար նախագծերը հնարավոր ներդրողներին ներկայացնելու նպատակով, տեղեկացնում է Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունը։

Հայկական ընկերությունները գյուղատնտեսության և սննդի, ՏՏ և ճարտարագիտության, թեթև արդյունաբերության, գինեգործության, ոսկերչության, դեղագործության, տրանսպորտի, էներգետիկայի ոլորտների իրենց գործարար ծրագրերը կներկայացնեն 25 ֆրանսիական ընկերության հետ հանդիպումներում։

Հիմնադրամը հաշվի է առնում, որ չնայած մեր երկրում ֆրանսիական ներդրումների առկայությանը, մի շարք ոլորտներում դրանց ծավալն ավելացնելու մեծ ներուժ կա։ Ֆրանսիացի գործարարներին ներկայացվում է նաև Հայաստանի միջոցով ԵԱՏՄ և Իրանի շուկաներ մուտքի առավելությունը։

«Աշխարհագրական դիրքից բացի, համեմատաբար հեշտ է Հայաստանում ներդրում կատարել նաև բարենպաստ առևտրային ռեժիմների շնորհիվ ու մի շարք պատճառներով․ պետությունն աջակցում է ներդրում կատարող ընկերություններին, տարբեր կառույցների միջոցով յուրաքանչյուր գործարարի կողքին է ներդրումային ցանկացած փուլում։ Մենք ունենք ապահով երկիր, որակյալ աշխատուժ, եվրոպական ու ամերիկյան ընկերությունները սա դիտարկում են որպես իրական արժեք»,-նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը։

Հայաստանի ներդրումային հնարավորությունների իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներ նախատեսված են ամբողջ տարվա ընթացքում։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---