19 սեպտեմբերի 2007 - 13:32 AMT
Այն, որ Թուրքիան հարկադրում է արքեպիսկոպոս Մութաֆյանին դեմ հանդես գալ Ցեղասպանության մասին օրինագծին, խայտառակություն է Անկարայի համար
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) նամակ է հղել 535 կոնգրեսականներին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդինոպոլսի պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոբ Մութաֆյանի ԱՄՆ կատարելիք այցի կապակցությամբ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, նամակում նշվում է, որ պատրիարքը, ինչպես եւ Թուրքիայի բոլոր կրոնական փոքրամասնությունների առաջնորդները, ապրում է մշտական վախի մեջ թուրքական կառավարության խտրականության եւ սպառնալիքների պատճառով, որն ակտիվորեն հետապնդում է նրանց, ով ազատ խոսում է մարդու իրավունքների եւ այլ «զգայուն» խնդիրների մասին:

«Հայ պատրիարքը պատանդ է, որի կյանքին հաճախ սպառնում են: Խայտառակություն է, որ Թուրքիան դիմում է հարկադրման, ցինիկորեն օգտագործելով պատրիարք Մութաֆյանի մտավախությունն իր անվտանգության համար եւ ստիպում է նրան դեմ հանդես գալ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձեւի ընդունմանը:

Իր հերթին 106-րդ բանաձեւի հեղինակ, Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Ադամ Շիֆն ընդգծել է, որ Թուրքիան ձգտում է վախեցնել ողջ աշխարհի հայերին ցեղասպանության ժխտման քաղաքականությամբ: «Հատկապես դա վերաբերում է Թուրքիայի հայերին, որոնք մշտական վախի մեջ են ապրում իրենց կյանքի համար: Թուրքիայում Ցեղասպանության մասին խոսակցությունները գնահատվում են որպես հանցագործություն, էլ չասած ԱՄՆ Կոնգրեսի բանաձեւին սատարելու մասին: Այդ պատճառով սպանվեց հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, իսկ YouTube կայքում զետեղվեց մարդասպաններին գովերգող եւ հայերին սպառնացող տեսահոլովակ»,-ասել է Ադամ Շիֆը: