YouTube կայքում զետեղված տեսահոլովակները մեկ անգամ եւս ապացուցում են, որ Թուրքիան վտանգավոր եւ ատելությամբ լի պետություն է

PanARMENIAN.Net - YouTube կայքում զետեղված տեսահոլովակներն, որոնք գովերգում են հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր 2007 թ. հունվարի 19-ին Ստամբուլում սպանված Հրանտ Դինքի մարդասպաններին, կրկին ապացուցում են, որ Թուրքիան վտանգավոր եւ ատելությամբ լի պետություն է: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), տեսահոլովակում ցուցադրվում են Հրանտ Դինքի սպանության վայրում արված լուսանկարները: YouTube կայքում, որն ամբողջ աշխարհն է դիտում, զետեղված են նաեւ Դինքին սպանող Օգյուն Սամաստի «հայրենասիրական լուսանկարները» թուրքական դրոշի եւ ոստիկանների հետ, որոնք «հպարտ կեցվածք են ընդունել մարդասպանի կողքին»: ANCA-ի հաղորդագրության մեջ մեջբերվում են «Ծրագրեր մի կազմեք» երգի խոսքերը. «Եթե մարդը դավաճանում է իր երկրին, նա դատապարտված է» եւ «Միակ լավ հայը կամ քուրդը մեռած հայն է կամ քուրդը»:



«Հրանտ Դինքը սպանվեց օրը ցերեկով 2007 թվականի հունվարի 19-ին «Ակոս» թերթի գրասենյակի մոտ: Մինչ այդ նա քրեական հետապնդման է ենթարկվել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով Հայոց ցեղասպանության հիշատակման համար: Նրա սպանությունից հետո թուրք այլ գրողներ եւ պատմաբաններ` Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, պատմաբան Թաներ Աքչամը, գրող Էլիֆ Շաֆակը սպառնալիքներ են ստացել ազգայնականներից»,-հիշեցնում է ANCA-ն:



Հիշեցնենք, որ 2007 թվականի սեպտեմբերի 13-14-ին YouTube ժողովրդականություն վայելող կայքում հայտնվեց հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարդասպաններին նվիրված տեսահոլովակ: Երգի տեքստում գովաբանվում են Օգյուն Սամաստը` սպանության անմիջական իրագործողն ու կազմակերպիչ Յասին Հայալը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---