22 փետրվարի 2017 - 10:31 AMT
ԴԱՀԿ-ում կադրային փոփոխություններ են

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում:

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ, արդարադատության կապիտան Ֆրիդոն Մեղրյանը փոխադրման կարգով նշանակվել է Ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետի պաշտոնին:

Ծառայության Տավուշի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վահե Մովսիսյանը փոխադրման կարգով նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի պաշտոնին:

Արմեն Հարությունյանի մեկ այլ հրամանով Ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության մայոր Գևորգ Տեր-Ղազարյանը փոխադրման կարգով նշանակվել է նույն բաժնի պետի տեղակալի պաշտոնին:

2016 թվականի ապրիլի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Արմեն Հարությունյանին: Հարությունյանն զբաղեցնում էր նախագահի ռեֆերենտի պաշտոնը: