23 փետրվարի 2017 - 13:58 AMT
ՄԱԿ. 300 խաղաղ բնակիչ է զոհվել սիրիական Ռաքքայում և Էլ Բաբում

Մոտ 300 խաղաղ բնակիչ է զոհվել սիրիական Ռաքքայում և Էլ Բաբում ավիահարվածների, ահաբեկչությունների և բախումների հետևանքով: Այդպիսի տվյալներ է հրապարակել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ՛Բրայանը ԱԽ նիստում;

«Վերջին շաբաթների ավիահարվածները և բախումները Ռաքքայի և Էլ Բաբի շրջանում մեծաթիվ զոհերի պատճառ են դարձել խաղաղ բնակչության շրջանում: ՄԱԿ-ը տվյալներ ունի մոտ 300 սպանված խաղաղ բնակչի մասին»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա, խաղաղ բնակիչները նաև զոհվում են ԻՊ գրոհայինների ձեռքով, որոնք գնդակահարում են այն մարդկանց, որոնք փորձում են այլ շրջաններ փախչել:

Սթիվեն Օ՛ Բրայանը զգուշացրել է, որ քանի որ մարտական գործողությունները տարածվում են քաղաքների վրա, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի քանակի ավելացման լուրջ վտանգ կա:

2016-ին Սիրիայում ամեն օր ավելի քան 5000 մարդ է լքել տները՝ փախչելով մարտական գործողություններից: Ըստ ՄԱԿ տվյալների, մոտ 6,3 մլն սիրիացի ներքին տեղահանված է համարվում, ավելի քան 4,9 մլն փախել է հարևան երկրներ, գրեթե 1,2 մլն ապաստան է փնտրում Եվրոպայում: