ԱԳ փոխնախարար. Բաքուն ամեն ինչ զավեշտի է վերածում

ԱԳ փոխնախարար. Բաքուն ամեն ինչ զավեշտի է վերածում

PanARMENIAN.Net - Արդեն վաղուց Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածում, թե՛ միջազգային իրավունքը, թե՛ նույնիսկ իրենց ներքին կյանքը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն՝ արձագանքելով Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի, Յարոմիր Շտետինայի և Էլենի Թեոհարուսի նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելուն։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի, Յարոմիր Շտետինայի և Էլենի Թեոխարուսի նկատմամբ, քանի որ նրանք այցելել են Արցախի Հանրապետություն ու հետևել անցկացվող Սահմանադրական հանրաքվեին:

«Դա ուղղակի զավեշտ է և որևէ կերպ չի կարող ազդել դեպի Արցախ այցելությունների վրա», - ասել է Շավարշ Քոչարյանը, հայտնում է Aysor.am-ը։

Փետրվարի 20-ին Արցախում տեղի ունեցած հանրաքվեն համապատասխանում էր Արևմտյան Եվրոպայի չափանիշներին: Այս մասին Ստեփանակերտում հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը։

Անդրադառնալով Ադրբեջանի «սև ցուցակին» ու դրանում իր հայտնվելու հնարավորությանը՝ Ֆրանկ Էնգելը կատակել էր. «Չեմ պլանավորում հաջորդ արձակուրդներս Ադրբեջանում անցկացնել»

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---