Կարապետյան-Իլիա 2-րդ. Եղբայրական պետությունների հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ կա

Կարապետյան-Իլիա 2-րդ. Եղբայրական պետությունների հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ կա

PanARMENIAN.Net - ՀՀ և Վրաստանի միջև հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ կա: Այս մասին նշվել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդի հանդիպմանը: Համայն Վրաստանի կաթողիկոսը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Վրաստան և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու բարեկամ ժողովրդի միջև կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը փետրվարի 23-ին ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։

«Վրաց և հայ ժողովուրդներն ունեն եղբայրական և բարեկամական դարավոր հարաբերություններ, իսկ մեր երկու եկեղեցու համագործակցությունը կառուցվում է ջերմ և բարիդրացիական կապերի հիման վրա: Երկու երկրի կառավարությունները պետք է անեն հնարավորը՝ համագործակցությունը զարգացնելու և ժողովուրդների բարեկեցությունը ապահովելու համար: Ուրախ ենք, որ այսօր հայկական մշակույթը ծաղկում է, միաժամանակ, չպետք է բավարարվենք անցյալով, այն ամենով ինչ արել ենք նախկինում, այլ պետք է մտածենք ինչ անել՝ ապահովելու մեր ժողովուրդների բարօրությունը»,- նշել է Համայն Վրաստանի կաթողիկոսը:

Վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Իլիա երկրորդին ընդունելության համար և նրան փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հարգանքներն ու ողջույնները: Վարչապետը գոհունակություն է հայտնել այցի շրջանակում վրաց գործընկերների հետ ունեցած բանակցությունների արդյունքներից և նշել, որ քննարկվել են ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային հարաբերությունների խորցամանն ու ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

«Երկու եղբայրական պետությունների միջև համագործակցության հետագա զարգացման մեծ ներուժ ունենք, որի իրացման համար պատրաստ ենք անհրաժեշտ քայլեր իրականացնել»,- նշել է վարչապետը:

ՀՀ կառավարության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Վրաստանի իշխանությունների և վրաց եկեղեցու կողմից հայ համայնքի և հայկական մշակութային արժեքների նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների դերը հայ և վրացի ժողովուրդների ու երկու պետության կյանքում:

Վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի Սբ Գևորգ և Սբ Էջմիածին եկեղեցիներ: Հայկական պատվիրակությանը դիմավորել է ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը:

Կարդացեք նաև՝ Վարչապետ. Համաձայնության ենք եկել Վրաստանի հետ Լարսի ճանապարհին այլընտրանքի հարցում

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---