21 սեպտեմբերի 2007 - 20:11 AMT
Ռոբերտ Քոչարյան. Ես լավատես եմ Հայաստանի ապագայի հանդեպ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Պետականության վերականգնումը պատմական բացառիկ իրադարձություն էր հայության կյանքում: Ազատ, ժողովրդավարական ու ծաղկուն երկիր կառուցելու մեր ժողովրդի կամքն արտահայտվեց անկախության հանրաքվեի ժամանակ: Այն իր զարգացումն ապրեց հետագա տասնվեց տարիների ընթացքում, եւ այս ճանապարհին պատվով հաղթահարվեցին բազմաթիվ փորձություններ: Ներկայիս Հայաստանը կայուն զարգացման փուլում է: Կարելի է վստահությամբ ասել, որ տնտեսությունն սրընթաց վերելք է ապրում. ստեղծվում են հազարավոր աշխատատեղեր, զգալիորեն աճում են ազգաբնակչության եկամուտները, նվազում է աղքատությունը, բարելավվում է կյանքի որակը, վերադառնում են մեր հազարավոր քաղաքացիները, որոնք լքել էին երկիրը` իրենց գոյատեւումն ապահովելու նպատակով, ձեւավորվում է միջին խավ:

Ես լավատես եմ Հայաստանի ապագայի հանդեպ` հասկանալով, որ դեռ շատ անելիքներ կան, ներուժը մեծ է եւ մեր ժողովուրդն արժանի է ավելի լավ կյանքի: Մենք պարտավոր ենք կրկնապատկել ժամանակակից եւ արդյունավետ պետականության կառուցմանն ուղղված մեր ջանքերը: Դրա համար անհրաժեշտ է շարունակել բարեփոխումները` խորացնելով դրանց սոցիալական ուղղվածությունը:

Մենք մտադիր ենք շարունակել աջակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացմանը, քանի որ միայն լիարժեք պետականությունն է կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը: Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունները ցուցադրեցին ժողովրդի հավաքական մղումը դեպի անկախություն, հավատն իրենց պետականության հանդեպ եւ այն պաշտպանելու կամքը:

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները ցուցադրեցին իրականացվող քաղաքականության նկատմամբ ժողովրդի վստահությունը: Համոզված եմ, որ առաջիկա նախագահական ընտրությունները եւ՛ս կանցնեն միջազգային չափանիշներին համապատասխան եւ բարձր վստահության մթնոլորտում: Ընտրված քաղաքական ուղեգծի հետեւողական շարունակումը Հայաստանի կայունության եւ առաջընթացի կարեւոր գրավականն է:

Այսօր Հայաստանը պաշտպանված է` շնորհիվ մեր Զինված ուժերի: Այս տոնական օրը մեր պարտքն է արժանին մատուցել ընկած հերոսներին: Նրանց ջանքերի եւ կյանքի գնով է, որ Հայաստանի Հանրապետությունը ապրում է խաղաղության մեջ: Մեր հուսալի բանակը հպարտություն է ներշնչում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության տասնվեցերորդ տարեդարձի առթիվ: Համայն հայության հայրենիքը թեւակոխում է զարգացման նոր փուլ` իր առջեւ դնելով ավելի հավակնոտ նպատակներ: Համոզված եմ, որ միահամուռ ջանքերով մենք հասնելու ենք նաեւ այդ նպատակներին եւ սերունդներին ենք ավանդելու ամուր եւ բարեկեցիկ երկիր»: