24 սեպտեմբերի 2007 - 14:57 AMT
Ռուդոլֆ Փերինան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի նշանակման մասին. «Կարող եմ միայն ասել` դա ես չեմ լինի»
Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան չի գլխավորի ամերիկայն դիվանագիտական առաքելությունն Երեւանում: «Դեսպանի թեկնածությունն առաջադրում է Սպիտակ տան ղեկավարը, այնուհետեւ այն պետք է հաստատվի Սենատի կողմից: Հայաստանի մասին չեն մոռացել, այդ հարցը քննարկվում է: Սակայն ասել, թե երբ կառաջադրվի թեկնածությունը եւ ում թեկնածությունը դա կլինի, ես չգիտեմ: Կարող եմ միայն ասել` դա ես չեմ լինի»,-նշել է Ռ.Փերինան սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ կայացած զրույցում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Սպիտակ տունը ետ կանչեց Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար, վկայակոչելով դեմոկրատների առարկությունները:

Հոգլանդի նշանակմանը դեմ հանդես եկավ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որն անհնարին է համարում մի դիվանագետի նշանակումն այդ պաշտոնում, որը հրաժարվում է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին կատարված զանգվածային սպանություններն անվանել Ցեղասպանություն: Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, թե կպնդի Հոգլանդի թեկնածության վրա: Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի կողմից Ռ.Հոգլանդի թեկնածության հաստատումը 2006 թվականի սեպտեմբերի 7-ին արգելափակվեց նույնպես սենատոր Ռոբերտ Մենենդեսի ջանքերով: