ԱՀ ԱԳՆ հայտարարությունը. Պետք է հրաժարվել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից

ԱՀ ԱԳՆ հայտարարությունը. Պետք է հրաժարվել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից

PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ի միջադեպը հանդիսանում է Ադրբեջանի կողմից ինչպես 1994-1995 թթ․ համաձայնագրերի, այնպես էլ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունների շրջանակներում իր վրա ստանձնած պարտավորությունների նկատմամբ բացահայտ արհամարհանքի հերթական ապացույցը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն:

Նշվում է, որ տեղի ունեցածը 2016 թ․ ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի լրջագույն խախտումն է։ Ինչպես և անցյալ տարվա ապրիլին, դրան նախորդեցին ադրբեջանական կողմի սիստեմատիկ և նպատակային քայլերը՝ ուղղված լարվածության փուլ առ փուլ թեժացմանը։

Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը հարձակման փորձ են ձեռնարկել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) պաշտպանության բանակի դիրքերի վրա, որը չեզոքացվել է արցախյան ստորաբաժանումների ջանքերով։

«Ակնհայտ է, որ բարձրացնելով լարվածության աստիճանը շփման գծում՝ ադրբեջանական կողմը փորձում է ոչ միայն Արցախի պաշտպանության բանակի մարտունակությունը, այլև միջազգային հանրության արձագանքն ուժի կիրառման նկատմամբ։

Հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը տապալելու և պատերազմի պատրաստվելու ադրբեջանական իշխանությունների գործողությունների նկատմամբ միջազգային հանրության կողմից խիստ և հասցեական գնահատականի բացակայությունն էր, որ որոշակի առումով 2016 թ․ ապրիլին ձևավորեց մի իրավիճակ՝ օգտվելով որից, Բաքուն հնարավոր համարեց ձեռնարկել ռազմական ագրեսիա ընդդեմ Արցախի»,- նշվում է ԱՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ադրբեջանական կողմից հրահրվող լարվածության թեժացումը շփման գծում միայն խորացնում է անվստահությունը և հեռացնում հակամարտության վերջնական կարգավորման հեռանկարները։ Կարծում ենք, որ ի պատասխան Ադրբեջանի սադրիչ քաղաքականությանը՝ հարկավոր է հրաժարվել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից և ընդարձակել ջանքերը՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման և բանակցային գործընթացի վերսկսման պայմանների ստեծման շուրջ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների պրակտիկ իրագործման համար»։

Փետրվարի 27-ին Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ փետրվարի լույս 25-ի գիշերն ադրբեջանական դիվերսիայի կասեցման ընթացքում սպանված դիվերսանտների մարմինների տարհանման գործընթացը ժամանակին չի իրականացվել ոչ թե արցախյան, այլ ադրբեջանական կողմի մեղքով, քանի որ վերջինս խախտել է բանակցությունների ընթացքում նախապես ձեռքբերված պայմանավորվածությունը:

Տարհանումը պիտի տեղի ունենար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Կարդացեք նաև՝ԱՀ ՊՆ. Ադրբեջանական գրոհայինների դիակները հանվել են չեզոք գոտուց

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---