25 սեպտեմբերի 2007 - 13:41 AMT
Վարդան Օսկանյան. Հայկական կողմը հետեւողական է ահաբեկչության դեմ պայքարում
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նախօրեին ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրինության պատվիրակությանը` հակաահաբեկչության հարցերով գործադիր տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Կարեւի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Ս. Կարեւը բարձր գնահատեց Հայաստանի համագործակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) Հակաահաբեկչական կոմիտեի հետ` նշելով, որ Հայաստանն այն երկրների շարքում է, որ կանոնավոր ու ժամանակին զեկույցներ է ներկայացրել ահաբեկչության դեմ պայքարում ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի պահանջների կատարման ուղղությամբ հանրապետությունում ձեռնարկված քայլերի մասին:

Իր հերթին Վ. Օսկանյանը նշեց, որ հայկական կողմը հետամուտ է ահաբեկչության դեմ պայքարի գործընթացին, այդ ոլորտում իրականցնում է միջազգային հանրության առջեւ ստանձնած պարտականությունները` մասնակից լինելով ահաբեկչության դեմ գլոբալ պայքարին: Նախարարը նշեց, որ Հայաստանը վավերացրել է այս ոլորտում գործող ՄԱԿ-ի 13 կոնվենցիաներից 12-ը, իսկ վերջինը` Միջուկային ահաբեկչության դեմ կոնվենցիան ստորագրել է վարչապետի մակարդակով: