25 սեպտեմբերի 2007 - 19:20 AMT
Ռոբերտ Սիմոնսը ՀՀ ԱԳՆ ղեկավարին ներկայացրել է ՆԱՏՕ-ի նորանշանակ փոխգործակցության սպային
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ դեսպան Ռոբերտ Սիմոնսին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Սիմոնսը տեղեկացրեց, որ այցի հիմնական նպատակն է ներկայացնել ՆԱՏՕ-ի կողմից վերջերս նշանակված փոխգործակցության սպա Զբիգնեւ Ռիբացկուն: Այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրագործման շուրջ: Դեսպան Սիմոնսը բարձր գնահատեց Ծրագրի իրագործման մեջ ներգրավված հայաստանյան բոլոր գերատեսչությունների ակտիվ աշխատանքը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը անդրադարձավ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող զարգացումներին, ՆԱՏՕ-Ռուսաստան երկխոսությանը, Դաշինքի կողմից իրականացվող խաղաղապահ գործողություններին, ՆԱՏՕ-ի շրջանակում առաջիկայում կազմակերպվելիք միջոցառումներին: Դեսպանի խնդրանքով նախարար Օսկանյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերջին զարգացումները: