ՀՀ-ում ուզում են զարգացնել ակրոբատիկական ռոքնռոլ մարզաձևը

ՀՀ-ում ուզում են զարգացնել ակրոբատիկական ռոքնռոլ մարզաձևը

PanARMENIAN.Net - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացել է քննարկում՝ Հայաստանի Հանրապետությունում ակրոբատիկական ռոքնռոլ մարզաձևը զարգացնելու հնարավորությունների վերաբերյալ։

Քննարկումը, որին մասնակցել են սպորտային պարեր, ակրոբատիկա, գեղարվեստական մարմնամարզություն և գեղասահք մարզաձևերի ներկայացուցիչները, վարել է նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը:

Նա խոսել է մեր երկրում արդեն իսկ գործող մարզաձևերի շարքում այս նոր մարզաձևի ընդգրկման հնարավորությունների մասին: «Այսօրվա քննարկմանը մասնակցում են ակրոբատիկական ռոքնռոլին մոտ մարզաձևերի ներկայացուցիչներ: Հուսով եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք մեր երկրում նույնպես զարգացնել այս գեղեցիկ մարզաձևը»,- ասել է Ղազարյանը:

Նա ներկաներին խնդրել է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրենց դիտարկումները և առաջարկությունները՝ հաջորդ քննարկումն ավելի առարկայական դարձնելու և Հայաստանի Հանրապետությունում ակրոբատիկական ռոքնռոլ մարզաձևի ֆեդերացիա հիմնելու վերաբերյալ:

Մեր երկրում ակրոբատիկական ռոքնռոլի ֆեդերացիային աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նույնանուն ֆեդերացիան, որը, բացի ֆինանսական աջակցությունից, օգնելու է մեր երկրում այս մարզաձևի մարզիչներ պատրաստելուն՝ կազմակերպելով վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---