2 մարտի 2017 - 09:38 AMT
ՆԱՏՕ-ի հետ համատեղ պլանավորման և վերանայման գործընթաց ՊՆ-ում

Փետրվարի 27-ից մարտի 1-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում իրականացվել է ՆԱՏՕ-ի հետ գործակցության շրջանակում անցկացվող Պլանավորման և վերանայման գործընթացի և Գործընկերության նպատակների ամենամյա առաջընթացի գնահատումը։

ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ քննարկումների արդյունքում արդիականացվել են ՀՀ պաշտպանական բարեփոխումների և փոխգործունակ խաղաղապահ կարողությունների զարգացման աջակցությանն ուղղված ծրագրերն ու նպատակները։ Մասնավորապես, Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի և սահմանադրական փոփոխություններով պայմանավորված պաշտպանության ոլորտի օրենսդրության բարեփոխման արդյունքում վերանայված նպատակները կշարունակեն աջակցել պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության, բարեվարքության ամրապնդման, անձնակազմի կառավարման, ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործունակ կարողությունների զարգացման և այլ ազգային առաջնահերթություններին ու համագործակցության ծրագրերին։

Գնահատման արդյունքներն ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և ՆԱՏՕ-ի պաշտպանական պլանավորման տնօրինության ղեկավար Պոլ Սևերոյի մասնակցությամբ կայացած եզրափակիչ հանդիպման ժամանակ: Գնահատման արդյունքներն առաջիկայում կներկայացվեն Հայաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հաստատմանը։

Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 27-ին Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքայի այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: