2 մարտի 2017 - 09:55 AMT
Հակառակորդը կիրառել է ականանետեր, նռնականետեր ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ

Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 1200 կրակոց:

ԱՀ ՊՆ հաղորդմամբ, շփման գծի հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ձեռքի հակատանկային, հակատանկային հաստոցավոր, հաստոցավոր ավտոմատ ու ենթափողային նռնականետերից ընդհանուր առմամբ արձակել է 51 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Հակառակորդի կողմից ձեռնարկված արկակոծության արդյունքում, մարտի 1-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան (Մարտունի) հատվածում բեկորային մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Նվեր Յուրիկի Բաբաջանյանը: