2 մարտի 2017 - 12:12 AMT
«Ֆորպոստարտ պրոդաքշնը» դադարեցնում է գործունեությունը ՀՀ-ում

«Ֆորպոստարտ պրոդաքշն» ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը Հայաստանում: Այս մասին հայտարարել է ընկերության նախագահ Զառա Մխեյանը՝ մանրամասնելով, որ 2015 թվականից սկսած Հայաստանում աշխատել են վնասով, և վարկերի հաշվին փորձել կարգավորել իրավիճակը:

«Նույնիսկ այդ պայմաններում, այն համերգները, որոնց անմիջական կազմակերպիչը մենք էինք, մեր միջոցների հաշվին, այնուամենայնիվ, կայացան: Սակայն իրավիճակն ավելի բարդացավ, որովհետև չեղարկվեցին համերգներ, որոնց կազմակերպիչը մենք չէինք, այլ հանդես էինք գալիս որպես գործակալ: Մեր ֆինանսական վիճակն առավել վատթարացավ:

Գտնվեցին մարդիկ, ովքեր շահարկելով այդ համերգների չեղարկումները, փորձեցին ստվեր նետել մեր հեղինակությանն ու բարի համբավին: Հավատացեք, դա շատ ցավոտ է: Եվ դա այն դեպքում, երբ մեր ընկերությունն առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվելով երևանյան համերգներին, ձգտել է յուրաքանչյուր համերգը հայ հանդիսատեսի համար վերածել տոնի: Նույնիսկ ֆինանսական այդ ծանր պայմաններում 2015 և 2016 թվականերին մենք կազմակերպեցինք Եվգենի Պլյուշչենկոյի «Սառույցի արքաները» սառցե շոուն, ինչպես նաև ամանորյա մանկական սառցե շոուն՝ նպատակ ունենալով Հայաստանում վերածնել գեղասահքի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը, զարգացնել այդ սպորտաձևը Հայաստանում, իսկ Երևանի Ի. Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի սաների համար կազմակերպել վարպետության դասեր օլիմպիական չեմպիոնների մասնակցությամբ»,- նշել է Մխեյանը՝ հավելելով, որ իրենց գործունեության անբաժան մասն է եղել բարեգործությունը, «որի մասին, սակայն, երբեք չեմ բարձրաձայնել»:

«Սակայն, ինչպես ցանկացած բիզնես, շոու բիզնեսը նույնպես ունի իր կանոնները, որոնք թելադրում են իրենց պայմանները: Սակայն, այդ կանոնները Հայաստանում, ավաղ, ոչ մի տրամաբանության մեջ չեն տեղավորվում: Այսօր Հայաստանում լրջագույնխնդիր է գտնել վստահելի և արհեստավարժ գործընկերներ, որոնք կունենան անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմը, համապատասխան կադրեր և ռեսուրսներ:

Այսօր մեր համերգասրահներում, ընդ որում լեփ-լեցուն դահլիճներում, կայանում են համերգներ, որոնց ընթացքում հնչում է, մեղմ ասած, կասկածելի որակի երաժշտություն, որը ոչ մի ընդհանուր բան չունի արվեստի հետ: Թող ինձ ներեն և՛այդ երաժիշտները, և՛ նրանց երկրպագուները, սակայն չնշել դա ես չէի կարող:

Ահա չեղարկվեց նաև մարտի 5-ին նախատեսված՝ Իրինա Ալլեգրովայի համերգը, որտեղ մենք հանդես ենք գալիս որպես գործակալ, և ոչ թե կազմակերպիչ: Երգչուհու ադմինիստրացիան հայտարարեց, որ համերգը չեղարկվում է տեխնիկական պատճառներով, առանց մանրամասների:

«Ֆորպոստարտ պրոդաքշն» ընկերությունն էլ տեղեկացրեց, որ Իրինա Ալլեգրովայի` մարտի 5-ին նախատեսված և երգչուհու Ադմինիստրացիայի կողմից չեղարկված համերգի բոլոր վաճառված տոմսերը ենթակա են վերադարձման: Ընկերությունը հայտարարեց, որ տոմսերի հետ ընդունման գործընթացն ամբողջությամբ կիրականացվի մինչև մարտի 5-ը»,- գրել է «Ֆորպոստարտ պրոդաքշն» ընկերության նախագահը:

«Ֆորպոստարտ պրոդաքշն» ընկերությունը Ռուսաստանի Դաշնությունում գրանցված ընկերություն է, որն արդեն 25 տարի զբաղվում է համերգային գործունեությամբ, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի տարածքում: Այն դուստր ընկերություններ ունի նաև եվրոպական երկրներում: