2 մարտի 2017 - 12:58 AMT
Պետծառայությունների միասնական գրասենյակները կտրամադրեն նաև Ադրբեջանից բռնագաղթած փախստականի մասին տեղեկանք

Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներն այսուհետ կտրամադրեն նաև Միգրացիոն պետական ծառայության կողմից մատուցվող՝ փախստականի կարգավիճակ ունենալու և Ադրբեջանից բռնագաղթած փախստական հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքներ:

ՀՀ կառավարության մարտի 2-ի նիստին, ներկայացնելով ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին նախագիծը, այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Առ այսօր այդ երկու տեղեկանքը տրամադրում էր միայն Երևանում գործող միգրացիայի պետական ծառայությունը:

«Երեք ամիս առաջ մեկնարկած այս ծրագրի արդյունքում ՀՀ ողջ տարածքում այսօրվա դրությամբ գործում է 39 միասնական գրասենյակ»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ դրանցից 14-ը գործում է Երևանում, մյուսները՝ Գառնիում, Գյումրիում, Վաղարշապատում, Հաղարծինում, Իջևանում, Բյուրականում, Կարբիում, Արմաշում, Մեծամորում, Զվարթնոցում, Սարուխանում, Ծովագյուղում, Մաստարայում, Վանաձորում, Նոյեմբերյանում, Գավառում, Բերդում, Ալավերդիում, Ստեփանավանում, Եղեգնաձորում, Վայքում, Գորիսում, Կապանում և Մեղրիում:

Հովհաննիսյանի խոսքով՝ այս 39 գրասենյակը մատուցում է 67 պետական ծառայություն: «Իսկ, ընդհանուր առմամբ, Հայաստանում տարբեր պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թիվը գերազանցում է 200-ը:

100-ից ավելի ծառայություններ պահանջում են կամ անձի պարտադիր ներկայություն կամ օբյեկտի առկայություն, օրինակ ՝ ավտոմեքենայի և այլն, մնացած շուրջ 110 ծառայությունները պատրաստ ենք մատուցել միասնական գրասենյակների միջոցով»,- ասել է նախարարը և կոչ արել քաղաքացիներին օգտվել իրենց տարածքում գործող մասնավոր օպերատորների միասնական գրասենյակներից՝ խնայելով թե՛ ժամանակ, թե՛ ֆինանսական ռեսուրսներ: