«1000 դրամի» հիմնադրամը մոտ 394 մլն դրամ է կուտակել

«1000 դրամի» հիմնադրամը մոտ  394 մլն դրամ է կուտակել

PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը արդեն հավաքագրել է միջոցներ` զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համար:

2017 թվականի հունվարից՝ հիմնադրամի օգտին ֆիզանձանցից 1000-ական դրամ գումար գանձելու ժամկետի գործարկումից ի վեր, հավաքագրված գումարի չափն է՝ 393 մլն 506.964 դրամ (մոտ $812.000):

Հավաքագրված գումարից դեռ հատկացումներ չեն կատարվել:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստում կայացավ նաև հիմնադրամի կայքէջի շնորհանդեսը՝ www.1000plus.am:

Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը տեղեկացրել է, որ կայքի միջոցով յուրաքանչյուրը, բացի պարտադիր 1000 դրամ վճարից, կարող է հավելյալ նվիրաբերություն կատարել, գրում է Aysor.am-ը:

2017 թվականի ընթացքում ենթադրվում է կատարել 1.731 մլրդ դրամ՝ 100 զոհված և 50 վիրավորված զինծառայողի համար: «Տհաճ է այդպես խոսելը, բայց ֆինանսական հաշվարկներն անհրաժեշտ են», - նշել է Ավետիքյանը: Տարեկան ակնկալվում է ունենալ մինչև 6 մլրդ դրամ եկամուտ:

Նիստի սկզբում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն ստեղծված «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը միաձայն ընտրվել է խորհրդի նախագահ, գրում է Panorama.am-ը:

Խորհրդարանը 2016-ի դեկտեմբերի 15-ին երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 84 կողմ, դեմ 4 և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Սպայի, ենթասպայի կամ շարքային զինծառայողին մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում նրա ընտանիքին կամ նրան միանվագ կհատկացվի 10 մլն դրամ, սպային ամսական կհատկացվի, համապատասխանաբար, 300 հազար դրամ, ենթասպային՝ 250 հազար դրամ, շարքային զինծառայողին՝ 200 հազար դրամ: Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում սպային կհատկացվի միանվագ 5 մլն դրամ, ամսական հատուցում 20 տարվա ընթացքում՝ 200 հազար դրամ, ենթասպային՝ 5 մլն դրամ միանվագ և ամսական 150 հազար դրամ, շարքային զինծառայողին՝ 5 մլն դրամ միանվագ և ամսական 100 հազար դրամ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---