3 մարտի 2017 - 09:17 AMT
Նախագահ. Եթե Ադրբեջանն իրավիճակը հասցնի պատերազմի, կկիրառենք մեր ամբողջ զինանոցը

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 2-ին Դիվանագետի օրվա կապակցությամբ այցելել է արտաքին գործերի նախարարություն և հանդիպել ԱԳՆ կենտրոնական ապարատի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի մասնակիցների հետ:

Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ուղղությամբ արտերկրում և միջազգային տարբեր հարթակներում ՀՀ դիվանագիտական ծառայության առջև դրված խնդիրներին ու Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը, տարածաշրջանում լարվածության ստեղծման քայլերին հակազդելուն:

«Երևանը և Ստեփանակերտը պատերազմ չեն ցանկանում, մինչդեռ Բաքուն վաղուց ամենաբարձր մակարդակում անընդհատ խոսում է պատերազմի մասին, մեծացնում է լարվածությունը շփման գծում, հերոսացնում է այն զինվորներին, որոնց գործած, այսպես ասած, «սխրանքները» համարվում են պատերազմի հանցագործություն: Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով և իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները։ Այսօր տարածաշրջանում լայնածավալ պատերազմի զսպող գլխավոր գործոնը հայ զինվորն է, ով ամուր կանգնած է և հստակ գիտակցում է, թե ինչի համար է պայքարում և ինչ խնդիր է լուծում»:

Ընդգծելով, որ անցած քառորդ դարում Հայաստանին հաջողվել է ձևավորել արտաքին քաղաքական բավականին հագեցած և դրական օրակարգ, Հանրապետության նախագահը նշել է, որ մեր երկիրն իր փորձն ու ջանքերը ներդնում է հանուն համամարդկային նշանակության հարցերի բարձրաձայնման և իր նպաստը բերում միջազգային հանրության կողմից դրանց լուծման գործին:

«Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ մենք պետք է մշտապես գտնվենք մարդկության դեմ կատարվող հանցագործությունների կանխարգելման միջազգային պայքարի առաջնագծում: Ձեր հետևողական քայլերի շնորհիվ 2015 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվեց Հայաստանի կողմից ներկայացված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը, իսկ Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում դեկտեմբերի 9-ը հռչակվեց ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր: Այս ուղղությամբ հսկայական ջանքեր ներդրվեցին հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում»:

Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր նվաճումներից մեկը համարելով Հայաստանում 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովն անցկացնելու որոշումը՝ Հանրապետության նախագահը դա նախաձեռնողական դիվանագիտության արդյունք, ինչպես նաև մեր երկրի նկատմամբ ութ տասնյակից ավելի պետությունների վստահության և համերաշխության դրսևորում է որակել։

«Համոզված եմ, որ ձևավորված պետական հանձնաժողովի համակարգմամբ և ձեր ջանքերով կանենք հնարավորը՝ այդ միջոցառումն ամենաբարձր մակարդակով հյուրընկալելու և դրա հնչեղությունն ապահովելու համար։ Այս գագաթնաժողովը լինելու է Հայաստանի անկախությունից ի վեր հյուրընկալվող ամենաներկայացուցչական միջոցառումներից մեկը: Այն նաև կնպաստի մեր երկրի հեղինակության բարձրացմանն ու մշակույթն ավելի ճանաչելի դարձնելուն։ Այն հիանալի հնարավորություն կընձեռի գործընկերային առավել սերտ կապեր հաստատելու բազմաթիվ պետությունների հետ, որոնցում մենք ներկայացված չենք»,-ասել է Սարգսյանը:

Հայաստանի կառավարության 2012 թվականի մարտի 22-ի համապատասխան որոշմամբ մարտի 2-ը հռչակվել է Դիվանագետի օր։