3 մարտի 2017 - 09:47 AMT
Շփման գծում իրադրությունը շարունակում է լարված մնալ

Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մնացել է լարված:

ԱՀ ՊՆ հաղորդմամբ, հակառակորդը շփման գծի ամբողջ երկայնքով ականանետերից, նռնականետերից ու խոշոր տրամաչափի գնդացիրներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 145 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում:

Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից արձակել է 111 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 1200 կրակոց: Շփման գծի հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ձեռքի հակատանկային, հակատանկային հաստոցավոր, հաստոցավոր ավտոմատ ու ենթափողային նռնականետերից ընդհանուր առմամբ արձակել է 51 արկ:

Կարդացեք նաև՝ՊԲ-ն հերքում է. Ադրբեջանական կողմը երևակայական «հակահարվածային գործողություններ» է իրականացնում