
Մարտի 3-ից WWF-Հայաստանը, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի աջակցությամբ, ներկայացնում է «Հայոց լեռների արքա կովկասյան ընձառյուծ» խորագրով ցուցահանդես մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում:
Ցուցահանդեսը կազմակերպվել է «Հայաստանում կովկասյան ընձառյուծի պահպանության» ծրագրի 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, որն իրականացվում է «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի»՝ WWF-Հայաստանի կողմից: 2002 թ.-ից սկսած Բնության համաշխարհային հիմնադրամը Հայաստանում իրականացնում է այս կենդանատեսակի պահպանման ծրագիրը, ինչի շնորհիվ կենդանին ոչ միայն վերադարձել է Հայաստան, այլ նաև գրանցել աճի դրական միտում:
WWF-Հայաստանի «Կովկասյան ընձառյուծի պահպանության» ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանը մասնավորապես նշում է. «Ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել մարդկանց իրազեկվածության մակարդակը: Ամբողջ տարվա ընթացքում մենք մտադիր ենք իրականացնել բազմաթիվ միջոցառումներ, որոնք կշարունակեն ներկայացնել ընձառյուծի նշանակությունը Հայաստանի բնաշխարհի համար»:
Ցուցահանդեսում ցուցադրված լուսանկարները ներկայացնում են ընձառյուծի հիմնական ապրելավայրերը,կենդանատեսակները (բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, այծյամ և այլն), ինչպես նաև պահպանությանն ուղղված մի շարք միջոցառումներ: Մարտի 3-ը պատահական չէ ընտրված որպես ցուցահանդեսի բացման օր: Այն վայրի բնության համաշխարհային օրն է, որի նպատակն է բարձրաձայնել վտանգված տեսակների պահպանության կարևորությունն ամբողջ աշխարհում: Օրվա կարգախոսն է «Լսի'ր երիտասարդների ձայնը»՝ խրախուսելով մեր մոլորակի ապագան, առաջնորդ հանդիսացող և որոշում կայացնող երիտասարդներին պահպանել վտանգված վայրի բնությունը:
Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) աշխարհի խոշորագույն և նկախ բնապահպանական կազմակերպություններից մեկն է, որն ունի գրեթե 5 միլիոն աջակից և ավելի քան 100 երկրում գործող համաշխարհային ցանց: Հայաստանում այն գործում է 2002 թ.-ից: WWF-ի առաքելությունն է մոլորակի բնական միջավայրի քայքայման կանխումը և այնպիսի ապագայի կառուցումը, որտեղ մարդիկ կապրեն բնության հետ ներդաշնակ՝ պահպանելով մոլորակի կենսաբազմազանությունը, ապահովելով վերականգնվող բնական պաշարների կայուն օգտագործումը և նվազեցնելով աղտոտումն ու բնական պաշարների անխնա սպառումը։
Կարդացեք նաև՝ Ֆոտոխցիկը Զանգեզուրում առաջին անգամ Կովկասյան ընձառյուծի ձագ է ֆիքսել