3 մարտի 2017 - 11:46 AMT
Խաղաղություն, թոշակների բարձրացում, գազի ու էլէներգիայի գնի նվազում. Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ծրագիրը

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ներկաայացրել է ընտրական ծրագիրը, որը, հեղինակների խոսքով, ներկայացնում է իրենց մոտեցումներն առ այն, թե Հայաստանում իրատեսական ինչ քայլերով կարելի է ստեղծել պետության օրինակելի մի մոդել, որ ծառայում է իր քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության և երջանկության ձգտումներին:

Այդ մոդելի հիմքում պետք է ընկած լինեն հետևյալ սկզբունքները՝ խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն, ըստ որի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության, անգամ` գոյության հրամայականն է դուրս գալ հարևան պետությունների հետ հակամարտությունների մեջ գտնվող և շրջափակումներից տնտեսապես խեղդվող երկրի վիճակից և դառնալ բոլոր հարևանների հետ հաշտ ու խաղաղ ապրող, ազատ առևտուր, տնտեսական փոխշահավետ համագործակցություն և հաղորդակցության բաց ուղիներ ունեցող երկիր:

Մյուս սկզբունքի համաձայն պետությունը պետք է լինի զարգացման գործիք. « Մեր նպատակն է փոխարինել գիշատիչ պետական հաստատությունները զարգացումը խթանող, քաղաքացու անվտանգությունը, սեփականությունը, ազատությունն ու արժանապատվությունը պաշտպանող պետական հաստատություններով»: 3-րդ սկզբունքը նախատեսում է «պետություն բոլորիս համար». «Պետությունը պետք է ունենա ո'չ թե օտարող, վանող, այլ ներառող, ընդգրկող բնույթ՝ ստեղծելով պաշտպանվածության միջավայր, հավասար պայմաններ և հնարավորություններ բոլոր գաղափարական ուղղությունների, քաղաքական ուժերի, հասարակական հոսանքների, սոցիալական խմբերի, տնտեսվարող սուբյեկտների և անհատների համար»:

Նաև նշվում է, որ բռնի ուժի, ընտրակեղծարարության, խաբեության, անգրագիտության և անբարոյականության վրա հիմնված ներկա «ավազակապետական համակարգի» փոխարեն, պետք է կառուցվի նոր՝ շնորհապետական (մերիտոկրատիկ) հասարակարգ: Դա այն համակարգն է, որում մարդիկ գնահատվում են ըստ շնորհի, արժանիքի, վաստակի:

Կոնկրետ քայլերի ծրագիր

Վերոհիշյալ նպատակների և սկզբունքների իրագործման համար Կոնգրես-ՀԺԿ դաշինքն առաջարկում է կոնկրետ քայլերի հետևյալ ծրագիրը՝ ըստ համապատասխան բնագավառների:

Անվտանգություն և արտաքին քաղաքականության առումով դաշինքը պատրաստվում է ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած և ՀՀ իշխանությունների կողմից 2007 թվականից ընդունված Ղարաբաղյան կարգավորման ծրագրի շուտափույթ իրագործման ուղղությամբ, վերականգնելով ԼՂՀ-ի, որպես հակամարտության լիիրավ կողմի մասնակցությունը կարգավորման գործընթացին։

Մյուս քայլը՝ կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները առանց նախապայմանների, բացառելով Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող միջպետական հանձնաժողովի ստեղծումը։

«Այս երկու խնդիրների կարգավորումը հնարավորություն կտա ապաշրջափակել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական երկաթուղային, ավտոմոբիլային և ավիացիոն բոլոր երթուղիները, մասնակցել տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին և նախագծերին»։

Դաշինքը խոստանում է ազնիվ և արդյունավետ կառավարում և տնտեսական զարգացման խթանում: Ներդրումների խրախուսման նպատակով, 1-5 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ներդրում կատարած ընկերություններին նախատեսվում է 2 տարով, իսկ 5 միլիոնից ավելի ներդրում կատարածներին՝ 5 տարով ազատել շահութահարկից: Վերաներդրվող շահույթը ազատել շահութահարկից: Ինովացիոն բիզնեսը ազատել շահութահարկից առաջին 2 տարիների համար, հետագա 5 տարիներին այդ գումարները բյուջե մուծելու պայմանով։

Գազի ու էլեկտրական էներգիայի սակագները նվազեցնել 25 տոկոսով՝ սակագնի հաստատման մեթոդաբանության փոփոխության և կորուստների ու անարդյունավետ ծախսերի կրճատման միջոցով:

Առնվազն երկու անգամ նվազեցնել երթևեկության կանոնների խախտման համար գանձվող տուգանքները։

Ծանր վիճակում հայտնված գյուղացիական տնտեսությունների համար կիրառել վարկային համաներում, զրոյացնել գյուղացիական վարկերի տույժ-տուգանքները, գյուղացիական տնտեսությունների վարկային պարտքերի դուրս գրում կամ մասնակի մարում:

Ուսումնասիրել 2006-2012 թվականներին Նաիրիտ գործարանի բաժնեմասերի վաճառքի գործարքների օրինականությունը, վերականգնել դրանց արդյունքում գործարանին և պետությանը հասցված վնասը, պատասխանատվության ենթարկել յուրացումների և չարաշահումների համար պատասխանատուներին: Մշակել Նաիրիտի վերագործարկման նոր ծրագիր:

Դաշինքը պատրաստվում է մեկ տարվա մեջ միջին կենսաթոշակը բարձրացնել նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակի (55000 դրամ): 3 տարվա մեջ նվազագույն թոշակը բարձրացնել սպառողական զամբյուղի մակարդակի: 5 տարվա մեջ կենսաթոշակների միջին չափը հասցնել միջին աշխատավարձի 40 տոկոսին:

Առողջապահության ոլորտի պետական բյուջետային ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ առնվազն 3 տոկոսի։ Ներդնել պարտադիր համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգ:

Պետական աջակցությամբ ստեղծել ապահովագրական համակարգ, որը գյուղատնտեսությունը կպաշտպանի ցրտահարությունից, կարկտահարությունից և այլ բնական աղետներից։

Զգալիորեն բարձրացնել պայմանագրային զինծառայողների, սպաների և ենթասպաների աշխատավարձը։ «15 օր ծառայություն, 15 օր հանգիստ» գործող կարգի փոխարեն կիրառել «7 օր ծառայություն, 7 օր հանգիստ» կարգը: ԽՍՀՄ խնայբանկի ավանդները ձևակերպել որպես պետական պարտատոմս և դրանք մարել 2 անգամ ավելի մեծ չափով և 2 անգամ ավելի արագ, քան նախատեսված է գործող օրենսդրությամբ։

Վերացնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:

Ծրագրով նաև նախատեսվում է բացահայտել Մարտի 1-ի գործը և պատժել բոլոր մեղավորներին, անցկացնել ազատ և արդար ընտրություններ, հաստատել զուտ համամասնական (առանց վարկանիշային քվեարկության) ընտրակարգ, բավարարել ընտրությունների դիտորդական վերահսկողության և լրագրողական լուսաբանման համար անհրաժեշտ քաղաքացիական հասարակության բոլոր պահանջները, վերացնել ընտրակաշառքի բաժանման հանցավոր պրակտիկան։

Նախատեսվում է վերականգնել կառավարման նախագահական-խորհրդարանական սահմանդրական մոդելը և 2018 թվականին անցկացնել ուղիղ նախագահական ընտրություններ։