3 մարտի 2017 - 11:50 AMT
ՊՆ-ն կիբեռանվտանգության ոլորտում կգործակցի «Կասպերսկի լաբորատորիայի» հետ

Մարտի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կարսպերսկիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև այս ոլորտի մասնագետների վերապատրաստման հնարավորությունները: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ մի շարք ծրագրեր իրականացնելու վերաբերյալ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ավարտին «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոն» հիմնադրամի և «Կարսպերսկի լաբորատորիա» բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին:

2016-ի դեկտեմբերին ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ: