27 սեպտեմբերի 2007 - 15:41 AMT
Իրանի միջուկային ծրագրի հարցն արդեն փակված է, պնդում է Մահմուդ Ահմադինեժադը
Իրանի միջուկային դոսյեն փակ է: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ելույթ ունենալով Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանում` ընդհանուր քաղաքական բանավեճի մասնակիցների առջեւ: Նա անօրինական է անվանել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի պատժամիջոցները Թեհրանի հանդեպ, իսկ Խորհուրդը` ոչ լեգիտիմ:
«Ասյօր ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Իրանի միջուկային ծրագրի հարցն այժմ փակված է եւ անցել է Գործակալության (ՄԱԳԱՏԷ) ընթացիկ հարցերի շարքը,-հայտարարել է Իրանի նախագահը: Նա հավելել է, որ իր երկիրն իրավունք ունի օգտագործել ատոմը խաղաղ նպատակով եւ մտադիր չէ ենթարկվել որոշ պետությունների «ապօրինի պահանջներին»:
«Իրանը Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) անդամ է եւ միշտ պահպանել է նրա նորմերն ու պահանջները եւ ինտենսիվորեն համագործակցել է բոլոր ոլորտներում: Մեր ողջ միջուկային գործունեությունը խաղաղ բնույթ է կրում եւ լիովին թափանցիկ է»,-ասել է Մահմուդ Ահմադինեժադը:
Նա նշել է, որ որոշ պետություններ դուրս են բերել Իրանի միջուկային հարցն իրավական դաշտից եւ քաղաքական աստառ տվել նրան: Նախագահը գտնում է, որ վստահության հասնելու Իրանի բոլոր փորձերը բախվում են խուլ պատի, քանի որ այդ պետությունների նպատակն է խոչընդոտել գիտական առաջընթացին իր երկրում:
Իրանի նախագահը մտավախություն ունի, որ Իրանի հանդեպ նման քաղաքականությունը կարող էր հանգեցնել նրան, որ երկիրը չէր կարողանա օգտվել միջուկային էներգետիկայի խաղաղ օգտագոծման իրավունքից մոտակա 20 տարիներին: Այդ կապակցությամբ Մ.Ահմադինեժադը նշել է, որ միջուկային ծրագրի հարցն անհրաժեշտ է դիտարկել իրավական հարթության վրա ՄԱԳԱՏԷ-ի մեխանիզմների միջոցով: Նա հայտարարել է «ամբարտավան պետությունների ապօրինի եւ քաղաքական պատժամիջոցներն» անտեսելու իր մտադրության մասին, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը: