3 մարտի 2017 - 13:05 AMT
Նախագահ. «Հայաստան» համահայկական հիմնադրամը 700.000 նվիրատու ունի

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 700 հազար նվիրատու ունի: Այս մասին, մարտի 3-ին հիմնադրամի ստեղծման 25-ամյակի կապակցությամբ հիմնադրամի գրասենյակ այցելելով, ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը շրջայց է կատարել հիմնադրամում, ծանոթացել ստորաբաժանումների գործունեության պայմաններին, նրանց կողմից իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ: Այնուհետև հանդիպում է ունեցել հիմնադրամի ղեկավար կազմի հետ:

«Այս տարիների ընթացքում հիմնադրամը կարողացել է իր գործունեությամբ նախ լուծել խնդիրներ՝ սկսած մեր ավերված գյուղերի վերականգնումից մինչև երկրաշարժի հետևանքների վերացում, մեր երկու հայկական պետության միջև ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների կառուցում»,-ասել է նախագահը` ընդգծելով, որ հայության համախմբված ջանքերով, ինչպես նաև անհատ բարերարների օժանդակությամբ այս տարիների ընթացքում հիմնադրամը հավատարիմ է եղել իր առաքելությանը:

Նրա խոսքով, գնահատելի է, որ հիմնադրամը մշտապես աշխատել է թափանցիկ, և ամեն նիստի ժամանակ հատուկ ստեղծված հաշվեքննիչ հանձնաժողովը մշտապես գնահատել է հիմնադրամի գործունեությունը:

«Անշուշտ, հիմնադրամի շարժիչ ուժը մեր տեղական կառույցներն են, մարդիկ, ովքեր ուղղակի սեփական ժամանակի, հնարավորությունների օգտագործմամբ կարողացել են և այսօր էլ կարողանում են ստեղծել այն հիմքը, որը հնարավորություն է տալիս հիմնադրամին գործունեություն իրականացնել: Կարծում եմ՝ առաջին հերթին հենց նրանց շնորհիվ է, որ հիմնադրամը վստահություն է ձեռք բերել: Թերևս, քիչ հիմնադրամներ կան, որոնք ունեն այդքան նվիրատուներ՝ 700 հազար նվիրատու, իսկ դա նշանակում է 700 հազար մարդու վստահություն:

Ես խորապես համոզված եմ, որ հիմնադրամը պետք է շարունակի իր գործունեությունը՝ լինելով համահայկական մեր կարևորագույն կառույցներից մեկը: Մենք՝ որպես պետություն, որքան էլ արդեն ճանապարհ անցած լինենք, միևնույն է, դեռևս շատ մարտահրավերներ ունենք: Կան մարտահրավերներ, որոնց դիմակայել կարելի է միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի ակտիվ գործունեությամբ»,-ասել է Սարգսյանը:

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի՝ 1992թ. մարտի 3-ի հրամանագրով ստեղծվեց մի կառույց, որը, պայմանավորված իր համազգային կարևորագույն առաքելությամբ, անվանվեց «ՀԱՅԱՍՏԱՆ» համահայկական հիմնադրամ:

1992թ. մայիսի16-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի 24 անդամից բաղկացած Հոգաբարձուների Խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ. «Աղետաբեր երկրաշարժ, բազմահազար անօթևան բռնագաղթվածներ, արցախահայության տագնապալի կացություն, քայքայված տնտեսություն, երկարատև շրջափակումներ, այս և բազմաթիվ այլ դժվարություններ հաղթահարելի են միայն ազգի բոլոր անդամների ուժերի ու հնարավորությունների համախումբ գործադրման, միասնական ու միաբան գործելու պարագայում: Հայ ժողովրդի գոյատևման ու բարգավաճման գլխավոր նախապայմանի՝ մեր ազգային պետականության հաստատման, Մայր Հայրենիքի տնտեսական, գիտական, կրթական, հոգևոր ու մշակութային զարգացման խնդիրների լուծմանը մասնաբաժին ու ակտիվ մասնակցություն ունենալը յուրաքանչյուր հայի համար պետք է մեծագույն պատիվ և պարտք դառնա»: