
Ղրղզստանն Իսլամաբադում չի ստորագրել Տնտեսական համագործակցության կազմակերպության ամփոփիչ հայտարարության քաղաքական դրույթները, ինչն առաջացրել է Բաքվի դժգոհությունը:
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ղրղզստանի դիրքորոշումն անհասկանալի է:
ՏՀԿ անդամ պետությունների ղեկավարներն ամփոփիչ հայտարարության մեջ մտահոգություն են հայտնել կազմակերպության տարածքում չկարգավորված հակամարտությունների, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության, առկայության առնչությամբ՝ նշելով, որ դրանք խոչընդոտում են տնտեսական զարգացմանը:
«Ամփոփիչ հայտարարության մեջ անդամ պետություններն արձանագրել են, որ հակամարտությունների առկայությունը կազմակերպության տարածքում արգելակում է տնտեսական զարգացումն ու համագործակցությունը: Բացի այդ, հայտարարության մեջ ասվում է, որ զարգացումը, խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում անմիջական կապ ունեն կայուն զարգացման ու կայունության հետ: Տնտեսական զարգացման և տարածաշրջանային գործակցության օրգանական կապը խաղաղության ու անվտանգության հետ բոլորի կողմից ընդունված միջազգային սկզբունք է»,-ասել է Հաջիևը, հայտնում է Haqqin.az-ը Trend-ի վրա հղումով:
«Ուստի բոլորովին հասկանալի չէ Ղրղզստանի դիրքորոշումը: Նման դիրքորշումը լուրջ հարց է առաջացնում՝ ում ջրաղացին է ջուր լցնում այդ երկիրը»,-ասել է Հաջիևը: