ՌԴ օմբուդսմենը Լապշինի հարցով կդիմի իր ադրբեջանցի գործընկերոջը

ՌԴ օմբուդսմենը Լապշինի հարցով կդիմի իր ադրբեջանցի գործընկերոջը

PanARMENIAN.Net - ՌԴ մարդու իրավունքների լիազոր Տատյանա Մոսկալկովան հայտարարել է, որ դիմելու է իր ադրբեջանցի գործընկեր Էլմիրա Սուլեյմանովային՝ խմդրելով ստուգել Ադրբեջանում կալանավորված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի պահման պայմանները:

«Լրագրողներն առանձնահատուկ մասնագիտական ընկերակցություն են, որոնք աշխատում են ռիսկի գոտում և հատուկ ուշադրության ու հարգանքի կարիք ունեն: Մեր լրագրողի դեպքում, խոսքը Լապշինի մասին է, որին Բելառուսն արտահանձնել է Ադրբեջանին, ես հանդես եմ եկել հայտարարությամբ: Ցավոք, ադրբեջանցի գործընկերներն ականջալուր չեղան: Դիմելու եմ Ադրբեջանի օմբուդսմենին, որպեսզի նա կարողանա այցելել մեր քաղաքացուն և համոզվել, որ նա բուժօգնության կարիք չունի, և բողոքներ չունի կալանավայրում պայմանների վերաբերյալ»,-ասել է Մոսկալկովան, որն Անկարայում մասնակցում է Օմբուդսմենների ինստիտուտների միջազգային 4-րդ սիմպոզիումին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը հրաժարվել է պետության կողմից իր համար նշանակված փաստաբանի ծառայություններից:

Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան այցելած Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականին՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ-ի և Իսրայելի դեսպանատների աշխատակիցներն ադրբեջանական կողմի պատասխանին են սպասում բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ հանդիպման դիմումի կապակցությամբ: Դատավարության ժամկետների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---