28 սեպտեմբերի 2007 - 16:45 AMT
ՀՀ ԱԳՆ վրդովված է ԱՄՆ նախկին պետքարտուղարների դիրքորոշմամբ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի հարցում
«Վրդովմունքով ծանոթանացա նախկին ԱՄՆ պետքարտուղարների նամակի բովանդակությանը, որով դրդում են Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փըլոսիին տապալել Ներկայացուցիչների պալատի 106 բանաձեւը Հայոց ցեղասպանության մասին»,- ասվում է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարության մեջ: Նրա խոսքերով, իրոք ցավալի է, որ ութ փորձառու դիվանագետներ տեղիք են տալիս Թուրքիայի մեքենայություններին: «Այդ նամակում տեղ գտած շատ հարցերի հետ կարելի է չհամաձայնել, հատկապես` այդպիսի բանաձեւի կարծեցյալ վնասների առումով: Ես կանդրադառնամ միայն այն անազնիվ հայտարարությանը, ըստ որի այդպիսի բանաձեւը «վնաս կհասցնի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցման հասնելու ջանքերին: Ես ափսոսանքով եմ նշում, որ որեւէ գործընթաց, որը կխթաներ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը գոյություն չունի: Մտահոգություններ հայտնել գոյություն չունեցող գործընթացը վնասելու առումով պարզապես շինծու կեցվածք է»,- ընդգծել է Օսկանյանը:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել նորմալ հարաբերություններ հաստատել իր հարեւանի հետ: «Այնուհանդերձ, նորմալացման հանգեցնող յուրաքանչյուր նախաձեռնություն արժանացել է Թուրքիայի մերժմանը: Փոխարենը, վերջինս շարունակաբար նախապայմաններ է առաջ քաշում: Թուրքիան առաջարկներ է ներկայացնում, որոնք պարզապես անվերջ բանակցությունների հայտ են` առանց հարեւանների միջեւ նվազագույն, սովորական հարաբերությունների հասնելու լուրջ հանձնառությունների: Պատմական հանձնաժողով կազմելու իրենց կոչը` քննարկելու այդ ցավոտ պատմական իրադարձությունները, լուրջ չէ` հաշվի առնելով ազատ խոսքի եւ քննարկման վրա դրված սահմանափակումներն իրենց քրեական հետեւանքներով եւ այն ոչ բարեկամական մթնոլորտը, որ Թուրքիան է ստեղծել` Հայաստանի հետ սահմանները փակ պահելով»,- ասել է Վարդան Օսկանյանը:
«Ես արդեն գրել եմ Խոսնակ Փըլոսիին` արտահայտելով մեր խորը մտահոգությունները եւ ցրելով հետեւանքների մասին այն սին հայտարարությունները, թե որեւէ բանաձեւ, որն անդրադառնում է մարդու իրավունքների ու ցեղասպանության հարցերին, կարող է վնասել որեւէ երկկողմ հարաբերություններին»,- ասել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ԱՄՆ պաշտոնաթող պետքարտուղարներ Մադլեն Օլբրայթը, Ջեյմս Բեյքերը, Ուորեն Քրիսթոֆերը, Լորենս Իգլբերգերը, Ալեքսանդր Հեյգը, Հենրի Քիսինջերը, Քոլին Փաուելը եւ Ջորջ Շուլցը դիմել են նամակով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, որտեղ համոզում են նրան չդնել քվեարկության Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը: Պետդեպարտամենտի նախկին ղեկավարները մտահոգված են նրանով, որ «բանաձեւի ընդունումը կարող է վտանգել ԱՄՆ ազգային անվտանգության շահերը տարածաշրջանում եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը»: