6 մարտի 2017 - 17:50 AMT
Netflix-ի նոր տեխնոլոգիան թույլ կտա հեռուստադիտողին կառավարել սերիալների հերոսների ճակատագրերը

Ամերիկյան Netflix ընկերությունը սկսել է աշխատել մի տեխնոլոգիայի վրա, որը թույլ կտա հեռուստադիտողին ընտրել հերոսների ճակատագիրը:

Որոշ տեսարաններ, որոնք ենթադրում են, որ հերոսները պետք է հերթական որոշումը կայացնեն, հատուկ նկարահանվելու են մի քանի տարբերակով, որոնցից կախված կլինի պատմության հետագա զարգացումը: Հեռուստադիտողները կկարողանան ընտրություն կատարել իրենց հեռուստատեսային հեռակառավարման վահանակների կոճակների միջոցով, գրում է Lenta.ru-ն Daily Mail-ի վրա հղումով:

«Տեսնենք, թե դա ինչպես կաշխատի: Դեռևս դա ուղղակի էքսպերիմենտ է, կտեսնենք, արդյոք տեխնոլոգիան հաջողված կդառա: Սա նոր հնարավորություններ է ստեղծում սերիալների հեղինակների համար»,-ասել է պարբերականի զրուցակիցը:

Ապագայում, ինչպես պնդում են Netflix-ի աշխատակիցները, ավելի բարդ տեխնոլոգիաները թույլ կտան երկրպագուներին անվերջ դիտել սիրված սերիալները, ամեն անգամ դիտելով իրադարձությունների տարբեր զարգացումներով նկարահանված սերիաները:

«Հենց որ ինտերակտիվություն հայտնվի, կկարողանաք փորձել, ինչ ցանկանաք»,-ասել է Netflix-ի նախագահ Ռիդ Հասթինգսը:

Ինչպես ասվում է, ընկերությունն արդեն աշխատում է երեխաների համար նախատեսված ինտերակտիվ շոուի վրա: Նրանք կկարողանան ընտրել, թե ինչպես պետք է վարվի հերոսը՝ կախված իր բնավորությունից կամ տրամադրությունից: Առաջին այդպիսի փորձնական նախագիծը հեռուստաէկրանին կհայտնվի արդեն 2017-ին:

1997-ին ստեղծված Netflix ընկերությունն ի սկզբանե զբաղվում էր փոստով DVD ֆիլմերի վարձույթով: 1999-ին ստեղծվեց Video-on-Demand (Տեսանյութ ցպահանջ) ծառայությունը` օգտատերն ամսական բաժանորդավարձ է մուծում և ստանում է բոլոր սերիալները, ֆիլմերն ու մուլտֆիլմերը դիտելու հնարավորություն: