ՀՀ վարչապետ. ԵՏՄ ներուժը դեռևս լիարժեք չի օգտագործվում

ՀՀ վարչապետ. ԵՏՄ ներուժը դեռևս լիարժեք չի օգտագործվում

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ներուժը դեռևս լիարժեք չի օգտագործվում և Հայաստանն աշխատելու է այդ ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Բիշքեկում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներն ընթացել են Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկի «Ալա-Արչա» պետական համալիրում: Տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ ու ընդլայնված կազմերով: Քննարկվել են ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունների ինտեգրացիոն փոխգործակցությանը և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է. «Այս տարվա մեր առաջին նիստն անցավ կառուցողական մթնոլորտում, և այս հարթակը, որի շրջանակում լուծումներ են ստանում տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ու խոչընդոտների վերացմանը վերաբերող հարցեր, ճիշտ հարթակ է: Մենք պետք է առաջ շարժվենք այս ճանապարհով: Առավել քան վստահ եմ, որ մենք դեռևս լիարժեք չենք օգտագործում այն ներուժը, որը ենթադրում է Եվրասիական տնտեսական միությունը: Հայաստանը մտադիր է հետևողական ու համակարգված աշխատել այդ ուղղությամբ»:

Քննարկվել են նաև ԵՏՄ-ում ինտեգրացիոն ներուժ ունեցող ոլորտների և դրա օգտագործմանն ուղղված միջոցառումներին, ԵՏՄ շրջանակում մինչև 2025 թ․ թվայնացման գործընթացի իրագործման հիմնական ուղղություններին, ԵՏՄ անդամ երկրների ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը և գյուղատնտեսական որոշ հիմնական արտադրատեսակների առաջարկ-պահանջարկին առնչվող հարցեր։

Օրակարգային հարցերի շարքում առանձնակի կարևորվել է ԵՏՄ-երրորդ երկրներ առևտրային բանակցությունների վարման ընթացքը, որի առնչությամբ հայկական կողմը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ ակտիվ ներգրավվածություն ունենալ և առաջ մղել ԵՏՄ-Իրան բանակցային գործընթացը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշմամբ հաջորդ նիստը տեղի կունենա 2017 թ. մայիսի 26-ին Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում:

Նիստի ավարտին ստորագրվել են օրակարգային հարցերի վերաբերյալ քննարկումների արդյունքներն ամփոփող և այդ առումով ԵՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունն ամրագրող մի շարք փաստաթղթեր, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ղրղզստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար նիստի արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր կվերադառնա Երևան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---